Նախագահն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահը կարևորել է միջոցառումը, որն անցկացվում է «Հակազդեցություն ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառությանը․ իրականություն և հեռանկարներ» խորագրի ներքո: Սերժ Սարգսյանն այն համարել է անհրաժեշտ և օգտակար, ընդգծելով, որ համաժողովը շատ լավ հարթակ է ԵԱՏՄ անդամ պետությունների իշխանությունների, հանրության, ակադեմիական շրջանակների և գործարար համայնքի ներկայացուցիչների երկխոսության համար:
«Արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ պայքարը այն մեծ աշխատանքի մասն է, որ մենք իրականացնում ենք մեր երկրներում՝ բարելավելու գործարար միջավայրը:
Արդյունաբերության և առևտրի ոլորտում փոխգործակցության հարցերը հայ-ռուսական միջպետական օրակարգի կարևոր բաղադրիչն են, ուստի Ձեր այցը մենք կարևորում ենք նաև այդ տեսանկյունից և ուրախ ենք քննարկելու հիշյալ ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժն ու հնարավորությունները»,-ՌԴ նախարարի հետ հանդիպմանն ասել է ՀՀ Նախագահը:
Նախարար Դենիս Մանտուրովը «Անտիկոնտրաֆակտ» համաժողովի շրջանակներում քննարկվող հարցերը և դրանց տրվող լուծումները կարևորել է ցանկացած երկրի, այդ թվում՝ զարգացած երկրների տնտեսությունների համար և շնորհակալություն հայտնել Հայաստանում 4-րդ միջազգային համաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու համար:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացմանը և փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ. «Անտիկոնտրաֆակտ-2016»-ը կարևոր հարթակ է խաղի հասկանալի կանոնների սահմանման համար
- Հայաստանն առաջարկել է ստեղծել Т-72 տանկերի մոդեռնիզացիայի կենտրոն