Հայաստանն առաջարկել է ստեղծել Т-72 տանկերի մոդեռնիզացիայի կենտրոն
Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանն առաջարկել է երկրում ստեղծել ռուսական ռազմական տեխնիկայի՝ մասնավորապես Т-72 տանկերի մոդեռնիզացիայի կենտրոն: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, այդ մասին նա հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանթուրովի հետ հանդիպման ժամանակ:
Փախչանյանը նշել է, որ երկիրը գործնական կապեր ունի «Ուրալվագոնզավոդ» կորպորացիայի հետ, տեխնիկայի վերանորոգումն իրականացվում է տեղական ձեռնարկություններում, սակայն մոդեռնիզացիան տեղի է ունենում «Ուրալվագոնզավոդ»-ում:
«Մենք ցանկանում ենք ոչ միայն վերանորոգել օրինակ Т-72 տանկերը, այլև մոդեռնիզացնել, քանի որ դրանք Ռուսաստան ուղարկելն արժենում է համարյա տանկի գնի չափ»,-ասել է նա:
Փոխնախարարը նշել է, որ համագործակցության ներուժ կա լազերային տեխնիկայի, ռադիոֆիզիկայի ու կապի ոլորտներում:
Ռուսաստանցի նախարարը, ըստ աղբյուրի, խնդրել է հայկական կողմին ներկայացնել այն արտադրական ձեռնարկությունների ցանկը, որոնց հետ համագործակցության ներուժ կա: