Հայրենադարձ թոշակառուն օգնում է բանակին
80-ամյա տիկին Սիրանը 16 տարի առաջ Մարսելից վերադարձել է Հայաստան և հաստատվել Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում: Նա 6 զավակ, 15 թոռ և 4 ծոռ ունի: 1966թ. տիկին Սիրանի ընտանիքը Բեյրութից տեղափոխվել է Ֆրանսիա: Հաստատվելով Հայաստանի Ջրաշեն գյուղում՝ սկսել է զբաղվել տնամերձ այգիների մշակման աշխատանքով:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է հայրենադարձ Սիրան Միսակյան-Բասմաջյանին: Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը բարձր է գնահատել ապրիլյան պատերազմից հետո Սիրան Միսակյան-Բասմաջյանի ցուցաբերած պարբերական օգնությունը հայոց բանակին:
«Դուք ամիսներ շարունակ հագուստի կապոցներ եք ուղարկել սահմանային զորամասեր: Միայն վերջերս գնել եք մոտ կես միլիոն դրամի ապրանք կրկին հայոց բանակ ուղարկելու համար, սակայն չեք սիրում Ձեր արած գործերի մասին բարձրաձայնել»,-ասել է նախարարը:
Բարձր գնահատելով Սիրան Միսակյան-Բասմաջյանի ակտիվ մասնակցությունը «Դու ի՞նչ ես արել Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, ինչպես նաև սահմանները պաշտպանող զինվորներին մշտական օգնություն ցուցաբերելը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:
«Հայաստանը մեր Հայրենքին է, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր երկիրը զարգացնելու համար: Բայց ամենից առաջ պիտի հզորացնենք մեր բանակը: Կարծում եմ՝ բանակն ավելի հզոր պիտի լինի, քան մենք, և մենք ամեն ինչ պիտի անենք հայ զինվորին օգնելու ուղղությամբ»,-ասել է Սիրան Միսակյան-Բասմաջյանը: