Ներկայացվեց «Արցախ քարտեզագիրք» եռալեզու աշխատությունը
«Արցախ քարտեզագիրք» եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, աշխատությունում ներկայացված են Արցախին վերաբերող խնդիրները գիտական, սակայն ավելի հակիրճ ֆորմատով,- աշխատության շնորհանդեսին ասաց «Հոգու պարտք» ՀԿ նախագահ Շողինե Հովհաննիսյանը:
Նրա ներկայացմամբ՝ 40-էջանոց աշխատության մեջ տեղ գտած յուրաքանչյուր քարտեզ ներկայացնում է Արցախի (ներառյալ Արցախի բռնազավթված հյուսիսային հատվածը) պատմության տարբեր ոլորտները` սկսած երկրամասի հայկականությունը մատնանշող առավելապես օտարազգիների կազմած քարտեզների մի խմբի մատուցումից մինչև ազգաբաշխական (1914թ.), գրչօջախների, կրթական հաստատությունների, բերդերի, պաշտպանական կառույցների, կամուրջների, պատմական հուշարձանների վայրերը ներկայացնող քարտեզներ:
«Այս աշխատության առաքելությունն է Արցախի պատմությունը և մշակույթը հայ հասարակությանը հասնելի դարձնելը, հատկապես Արցախի խնդիրներով ի պաշտոնե զբաղվող քաղաքական գործիչներին, ինչպես նաև օտար հանրությանը: Դիվանագիտական ճամբարում զենք է՝ ուղղված Ադրբեջանի դեմ»,- ասաց նա:
Քարտեզագրքի էլեկտրոնային տարբերակները ստեղծվել են «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմնադրամի աջակցությամբ: Աշխատությունը ներկայացված է հիմնադրամի կայքում: Շ.Հովհաննիսյանն ասաց, որ մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին կներկայացվի աշխատության հայերեն հրատարակությունը:
Ասուլիսին ներկա Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ասաց, որ նախապատվությունը տվել են օտարազգի հեղինակների կազմած քարտեզներին:
«Կան օտարազգիների կողմից տարբեր ժամանակներում ստեղծված Հայաստանի քարտեզներ, որոնց կազմի մեջ է նաև Արցախը: 1865 թվականին ստեղծված քարտեզում գրված չէ Ղարաբաղ, այլ Արցախ, այսինքն 19-րդ դարում օտարազգիներին ճանաչելի է եղել Արցախ անվանումով: Թե ինչու ենք հրաժարվեն Արցախ աշխարհագրական միավոր անունը շրջանառելուց ու նախապատվությունը տվել Ղարաբաղին»,- ասաց նա:
Ս. Կարապետյանն ասաց, որ աշխատության մեջ գրչօջախների քարտեզում յուրաքանչյուր գրչօջախի համար նշված է ոչ միայն վայրը, այլև տվյալ վայրում ստեղծված ձեռագրերի տարեթվերը, կրթօջախների քարտեզում՝ եկեղեցական, ծիսական դպրոցները, բացման տարեթվերը, իսկ պատմական հուշարձանների քարտեզը ստիպված են եղել տրոհել:
«Այնքան շատ են պատմական հուշարձանները, որ քարտեզը տրոհել ենք ըստ հուշարձանատեսակների՝ վանքերը, եկեղեցիները, մատուռները ներկայացվել են առանձին, պաշտպանական հուշարձանները՝ բերդերը, ամրոցները, աշտարակները, առանձին, ինչպես նաև առանձին ներկայացված են ճարտարագիտական հուշարձանները, մասնավորապես կամուրջները, աղբյուրները»,- նշեց նա:
Ս.Կարապետյանի խոսքով՝ «Արցախ քարտեզագիրք»-ը համալրված է տարբեր ոլորտները լուսաբանող քարտեզներով:
Քարտեզագրքի ստեղծման աշխատանքներն իրականացվել են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։