
Կարեն Կարապետյանը ու Վիգեն Սարգսյանը ՀՀԿ անդամագրվելու դիմում դեռ չեն ներկայացրել. ՀԺ
Այսօր կրկին ՀՀԿ ԳՄ նիստ է լինելու, որի ժամանակ քննարկվելու են կուսակցության՝ նոյեմբերի 26-ին տեղի ունենալիք համագումարին վերաբերող հարցեր։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։
Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելուն, Ռուբեն Թադևոսյանն ասել է, որ նրանցից դեռ նման դիմում չեն ստացել։ Անդամակցության վերաբերյալ դիմումները ներկայացվում են ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողով։ «Հաշվառումները մենք ենք իրականացնում»,- հավելել է Թադևոսյանը։ Եվ քանի որ ՀՀԿ համագումարին ընդամենը 5 օր է մնացել, ուստի չի բացառվում, որ հենց այսօրվա նիստի ժամանակ հայտնի դառնա, որ այս պաշտոնյաներն արդեն իրենց դիմումները գրել են։