Ճապոնական օրիգամին՝ ազգային գրադարանում
Ճապոնական թղթարվեստն իր գեղեցիկ ու հետաքրքիր լուծումներով այսօր ներկայացվեց Հայաստանի ազգային գրադարանում՝ «Ճապոնիայի օր» խորագրով մշակութային ծրագրի շրջանակներում:
Ցուցահանդեսում ներկայացված էին ճապոնական դասական ու մոդելային օրիգամի և թղթարվեստի տեսակների ցուցանմուշներ, որոնք պատրաստել էին Հայ-Ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի սաները:
«Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկություն ունեն օտար մշակույթի նկատմամբ երիտասարդների մոտ սեր արթնացնել. «Ուսումնասիրելով մյուսների մշակույթը, այնքան ավելի շատ զուգահեռներ ես անցկացնում սեփականի հետ, ավելի զարգացած ես դառնում: Փորձում ենք այնպես անել, որ ցուցահանդեսի այցելուները կարողանան ընդհանուր պատկերացում կազմել ճապոնական մշակությի մասին»:
Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի խոսքով՝ Ճապոնական մշակույթն ունի շատ խորը արմատներ ու շերտեր, որոնք մեզ համար անհասանելի են եղել. «Ճապոնական արվեստն ավելի լավ ճանաչելու համար էլ ազգային գրադարանը սկսել է համագործակցել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ու «Հիկարի» կենտրոնի հետ: Նմանատիպ ծրագրերի շրջանակներում այցելունները կկարողանան տեսնել կենտրոնի սաների ձեռքով պատրաստված աշխատանքները, այլև դեսպանատան տրամադրած համապատասխան գրականության միջոցով ավելի մոտիկից կծանոթանան Ճապոնիային ու նրա մշակույթին»:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ճապոնայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ով ներկաներին ողջունեց ու իր խոսքն ասաց հայերենով. «Ինձ համար մեծ հաճույք է այս միջոցառմանը ներկա գտնվել: Իրար ճանաչելու լավագույն տարբերակն է ծանոթանալ միմյանց մշակույթին, պատմությանը, գրականության, ճարտարապետությանը, երաժշտությանը և ավանդույթներին: Ցավոք սրտի շատ քիչ ճապոնագետներ կան Հայաստանում՝ ճապոներեն սովորելու և ճապոնագիտությունը զարգացնելու համար: Դեսպանությունն այս ուղղությամբ մեծ ջանքեր է շարունակում գործադրել»:
«Հիկարի» կենտրոնի սաներից 13-ամյա Էլլան այցելուներին տեղում ցուցադրում, ցանկացողներին էլ սովորեցնում էր, թե մկրատի և թղթի օգնությամբ մի քանի րոպեյում ինչպես կարելի է գեղեցիկ պատկերներ ստանալ:
«Երկու տարի է հաճախում եմ այս կենտրոն: Չէի պատկերացնում, որ այսպիսի սեր կունենամ թղթի ու օրիգամիի հանդեպ, և ընդհանրապես՝ Ճապոնիան կարող է ինձ այսքան գրավել»,- Panorama.am-ին ասաց Էլլան՝ նշելով, որ իր ձեռքի աշխատանքներից նաև ուղարկվել են Ճապոնիա: