«Դուստր Մարիաննա» ընկերությունից պահանջել են հանել առկա ապրանքը ՌԴ խանութներից
«Դուստր Մարիաննա» ընկերությունը դիմել է Հանձնաժողովին՝ հայտնելով, որ ռուսական «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունները խոչընդոտում են «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կողմից «MARIANNA» ապրանքային նշանով կաթնամթերքների մուտքը ռուսաստանյան շուկա:
Հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ, ըստ «Դուստր Մարիաննայի» դիմում-բողոքի, ընկերությունը նախորդ տարի մասնակցել է Մոսկվայում կայացած «WorldFood Moscow» միջազգային ցուցահանդեսին, որտեղ առևտրային կազմակերպությունների հետ ունեցել է արդյունավետ հանդիպումներ և բանակցություններ` իր արտադրանքը ռուսական շուկաներում իրացնելու նպատակով:
Սակայն շուտով ռուսական «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունները դիմել են «Դուստր Մարիաննային»՝ նշելով, որ իրենք հանդիսանում են «МАРИАННА» և «Marianne» ապրանքային նշանների իրավատերերը և հայկական ընկերությունը չի կարող այդ անվանումով արտադրանք ներկայացնել ռուսական շուկայում: Ընկերության ներկայացուցիչները պահանջել են նաև 10-օրյա ժամկետում հանել առկա ապրանքը ՌԴ խանութներից և ոչնչացնել այն, հակառակ դեպքում կդիմեն վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության մեթոդների: Նշենք, որ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն դեռևս 1997-ից զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ և մշտապես հանդես է եկել այդ ապրանքանիշով, որը նաև 2007-ին գրանցվել է Մտավոր սեփականության գործակալության կողմից:
Հանձնաժողովի ուսումնասիրությունները պարզել են, որ «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունները կաթնամթերքի արտադրությամբ և իրացմամբ չեն զբաղվում և երբևէ չեն զբաղվել: Բացի այդ, «Մրցակցության պաշտպանության մասին» ՌԴ օրենքով արգելվում է որևէ ապրանքային նշանի գրանցումը, եթե այն ուղղված է մրցակից ընկերություններին շուկայից դուրս մղելուն: Տվյալ պարագայում տնտեսվարողը գրանցել է մի ապրանքային նշան, որը օգտագործել է ոչ թե իր արտադրանքը իրացնելու, այլ մրցակից տնտեսվարողների մուտքը շուկա սահմանափակելու նպատակով, ինչն օրենքի խախտում է՝ անբարեխիղճ մրցակցության գործողություն:
Ըստ ՏՄՊՊՀ-ի, ռուսական «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունների գործողություներն ուղղված են «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանքի իրացումը ՌԴ-ում կանխելուն, հետևապես նաև՝ մրցակցության սահմանափակմանը: Այդ իսկ նպատակով ՀՀ ՏՄՊՊՀ-ը դիմել է ՌԴ գործընկերներին՝ ներկայացված խնդիրը Ռուսաստանի մրցակցային օրենսդրության խախտման տեսանկյունից ուսումնասիրելու և հայկական արտադրանքի անարգել մուտքը ռուսական շուկա ապահովելու նպատակով:
«ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում տնտեսվարողները պետք է ունենան մրցակցային նույն հնարավորությունները և գործունեության հավասար պայմանները: Մենք օրենսդրության շրջանակներում պաշտպանելու ենք հայկական բարեխիղճ արտադրողների շահերը արտերկրում, որպեսզի վերջինները կարողանան անարգել իրացնել իրենց արտադրանքը»,-խնդրի վերաբերյալ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը՝ շեշտելով, որ նման խնդիրները ՀՀ մրցակցային մարմնի ուշադրության կենտրոնում են և երկկողմանիորեն՝ թե արտերկրի տնտեսվարողների համար Հայաստանում և թե տեղի գործարարների համար դրսում, պետք է գործի բացառապես արդար և հավասար մրցակցային պայմաններով աշխատելու հնարավորությունը: