Բանան ներկրող մի տնտեսվարող խնդիրներ է ունեցել, ինչին միջամտել են ՊԵԿ օպերատիվ մարմինները
Եվրասիական տնտեսական միության տարածքից, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունից տնտեսվարողներից մեկը օրերս փորձել է բանան ներկրել Հայաստան, սակայն որոշ խնդիրների է հանդիպել:
Պետական եկմամուտների կոմիտեի լրատվական ծառայության տեղեկացմամբ, պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է Պետական եկամուտների կոմիտե:
Այսպես, ըստ աղբյուրի ՊԵԿ Օպերատիվ հետախուզության և Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը:
«Հաշվի առնելով միջադեպը՝ Պետական եկամուտների կոմիտեն խստագույնս նախազգուշացնում է զերծ մնալ բիզնեսի բնականոն գործունեությանը խոչընդոտելու մտադրություններից, միաժամանակ կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խնդիրների դեպքում անմիջապես ահազանգել. ապրանքների արտահանումը, ներկրումը, արտադրությունը և առևտրի կազմակերպումն ամենօրյա հսկողության ներքո է, և ՊԵԿ-ը պատրաստակամ է, օրենսդրության շրջանակում, անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի», -նշել են ՊԵԿ հաղորդագրության մեջ:
ՊԵԿ լրատվական ծառայությունը, սակայն, չի մանրամասնել, թե մասնավորապես ինչ խնդիրների է հանդիպել բանան ներկրելու փորձ կատարած ընկերությունը: