Վարչապետ. «Անտիկոնտրաֆակտ-2016»-ը կարևոր հարթակ է խաղի հասկանալի կանոնների սահմանման համար
Հայ-ռուսական դաշնակցային ամուր հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է օգտագործել բոլոր հարթակներն ու հնարավորությունները՝ այն լիարժեք իրացնելու համար: «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ֆորումն անցկացվում է ՀՀ կառավարության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հովանու ներքո և նվիրված է ԵԱՏՄ անդամ երկրներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու խնդիրներին:
Վարչապետը ողջունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» համաժողովի անցկացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր և անհրաժեշտ հարթակ է ԵԱՏՄ անդամ պետություններում բիզնեսի համար խաղի հասկանալի կանոնների սահմանման և իշխանության, գործարար միջավայրի, ակադեմիական շրջանակների միջև երկխոսության համար:
Ռուսաստանցի նախարարն էլ նշել է՝ ֆորումն արդյունավետ նախաձեռնություն է՝ արդյունաբերական արտադրանքի ապօրինի (այդ թվում՝ կոնտրաֆակտ և կեղծված) շրջանառությունից քաղաքակիրթ շուկաների և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրները քննարկելու համար, և այս տարի համաժողովին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների, մեծ թվով ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են մրցունակ ու որակյալ արտադրության կազմակերպմամբ:
Երկուստեք կարևորվել են գործարար միջավայրի աշխուժացմանը և ազատ տնտեսական գոտիների շրջանակում գործակցությանն ուղղված քայլերը: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը ներկայացրել է բիզնեսին խրախուսելու նպատակով ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվող ներդրումային հիմնադրամների ստեղծմանը և գործունեությանը վերաբերող մանրամասներ: