Երիտասարդ թատերական ռեժիսուրայի X փառատոնին մասնակցում են բեմադրիչներ Երևանից և Գյումրիից
Այսօր մեկնարկում է Երիտասարդ թատերական ռեժիսուրայի X հանրապետական փառատոնը, որին մասնակցում են բեմադրիչներ Երևանից և Գյումրիից: Երևանյան 6 բեմահարթակներում մինչև նոյեմբերի 25-ը կցուցադրվեն Սամսոն Մովսեսյանի «Մատնչափիկը» և «Վհուկը», Գոռ Մարգարյանի «Մնաց 7 օր», Կարո Բալյանի «Չմարդիկ» և «Դեպի տուն», Նորա Գրիգորյանի «Խնջույք ամառանոցում», Ռաֆայել Ասատրյանի «Սիրային խաղեր», Տաթև Մելքոնյանի «Я ЗдесЪ» ներկայացումները: Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանն ասաց, որ այս տարի մասնակցության պայմանները մի քիչ խստացրել էին, և արդյունքում ունեն վեց ռեժիսորի ութ աշխատանք:
Նա նշեց, որ բոլոր ներկայացումներին հաջորդելու են քննարկումներ՝ հասկանալու, թե ինչպես աշխատեն երիտասարդ ռեժիսորների հետ:
Ս. Մելքոյանը տեղեկացրեց, որ փառատոնի աշխատանքներին կմասնակցեն Մոսկվայից ժամանած փորձագետները` ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Մեյերհոլդի կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովի գլխավորությամբ, ովքեր ներկայացում կընտրեն Մոսկվայի թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի՝ ԱՊՀ, Մերձբալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական ֆորումին մասնակցության համար: Ֆորումը նախատեսված է 2017թ. ամռանը` Ալմաթի քաղաքում: Նրա խոսքով՝ հայ երիտասարդ ռեժիսորներն երկու անգամ մասնակցել են այդ ֆորումին, երկու անգամ էլ մեծ հաջողություններ են արձանագրել:
«Մեր երիտասարդները կտրուկ փոխեցին ԱՊՀ տարածքում պատկերացումները հայ թատրոնի մասին»,- հավելեց նա:
Ասուլիսին ներկա մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանը մշտապես զգում է երիտասարդ թատերական ռեժիսորների պակաս: Միաժամանակ նա հավելեց, որ, ուսումնասիրելով դաշտը, հասկանում են, որ Հայաստանում կան լավ երիտասարդ ռեժիսորներ, ովքեր հետաքրքիր ձեռագիր են ներկայացնում հանրությանը:
Փառատոնի մասնակից ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը խոսելով իր «Վհուկը» ներկայացման մասին՝ ասաց, որ ժանրը սարսափ է, ինչը հետաքրքրություն է առաջացնում հանդիսատեսի շրջանում. «Հաճախ ներկայացումներն արտաքին արտահայտչամիջոցների առոմով աղքատ են լինում, ինչը թատրոն հաճախող դպրոցականերին չի գրավում: Փորձեցինք դասական հեղինակին ներկայացնել այնպիսի լեզվով, որ գրավի երեխաներին, պահի թատրոնում և ապագայում մյուս ներկայացումներին նույնպես ցանկանան հաճախել»:
Սամսոն Մովսեսյանի «Մատնչափիկը» ստվերների թատրոն է, որտեղ, ռեժիսորի ներկայացմամբ, ստվերային թատրոնի բոլոր տեսակներն են ընդգրկել, ինչպես նաև անիմացիոն և այլ արտահայտչամիջոցներ՝ երեխաների համար հեքիաթն ավելի ընկալելի դարձնելու համար:
Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոնը հիմնադրվել է 2006թ.-ին Հայաստանի թատերական գործիչների միության կողմից` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ: Փառատոնի գլխավոր նպատակն է ներկայացնել երիտասարդ ռեժիսորների գործեր, բացահայտել նոր անուններ, ինչպես նաև պատկերացում կազմել արդի թատրոնի երիտասարդ ռեժիսորների ստեղծագործական նախասիրությունների մասին: Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոնին մասնակցում են այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանում: