Երեկվա ընթացքում դպրոցից ու մանկապարտեզից տուն է ուղարկվել 1800 երեխա
Միայն նոյեմբերի 21-ին հանրապետությունում իրականացված «կանխարգելիչ ֆիլտր»-ի արդյունքում հայտնաբերված հիվանդ վիճակում հաճախած մոտ 1800 երեխա տուն է ուղարկվել, նրանց տվյալները փոխանցվել է պոլիկլինիկական կազմակերպություններին՝ բժշկական հսկողություն սահմանելու համար: Հայտնում են Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող օրական մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ այս օրերին սուր շնչառական վարակների ակտիվացում դիտվում է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի:
ԱՆ-ից հայտնում են, որ հիվանդանոցներում հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով՝ թոքերի արհեստական սարքավորումների ներքո հիվանդներ չկան: Աշխատանքներ են իրականացվում առանձին հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով հիվանդների հոսքն ուղղորդելու ուղղությամբ:
Սուր շնչառական վարակների և գրիպի հետագա տարածումից խուսափելու համար, որպես կանխարգելիչ միջոցառում, մանկական նախադպրոցական կազմակերպություններում և դպրոցներում իրականացվում է «կանխարգելիչ ֆիլտր»: Վերջինիս նպատակն է գրիպանման երևույթներով երեխաներին չթույլատրել հաճախելու դպրոց կամ մանկապարտեզ, որպեսզի խուսափենք նրանց առողջական վիճակի բարդացումից և վարակի աղբյուր չհանդիսանան այլ երեխաների համար:
ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է մանկական հաստատությունների կազմակերպությունների ղեկավարներին՝ հնարավորինս բացառել հիվանդ երեխաների մուտքը դպրոց և մանկապարտեզ՝ սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխելու և բարդություններից խուսափելու համար:
«Հիշեցնենք, որ հանրապետությունում, ինչպես նաև եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում վերջին մեկ ամսվա ընթացքում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը և այլ շնչառական վարակների հարուցիչներ:
Միաժամանակ հորդորում ենք հանրությանը և զանգվածային լրատվամիջոցներին զերծ մնալ մասնագիտական վերլուծություններից ու եզրահանգումներից և հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,-ասված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները