Ռոստոմյան. «Նման մարզաձևերի տարածումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է քրոսֆիթի ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ ֆեդերացիայի նախագահ Վահրամ Հակոբյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
«Սա մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի քարոզչության լավագույն մարզաձևերից մեկը կարող է լինել: Քրոսֆիթով կարող են զբաղվել բոլոր ցանկացողները, և մեր նախարարությունը կաջակցի այս մարզաձևի տարածմանը Հայաստանի ողջ տարածքում»,- ասել է նախարար Ռոստոմյանը:
Նա նաև առաջարկել է ֆեդերացիայի նախագահին համատեղ կազմակերպել մասսայական մարզական միջոցառում՝ մարզումների այս տեսակը հանրության ավելի մեծ շրջանակներին ներկայացնելու համար:
«Այսօր ես այս դահլիճում տեսնում եմ հավաքված առողջ, կոփված, մարզված, ուժեղ մարզիկների: Հենց նման սերունդն է, որ պիտի պահպանի մեր հայրենիքի սահմանները: Դա նշանակում է, որ նման մարզաձևերի տարածումը երիտասարդության շրջանում ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար»,- հավելել է նախարարը:
Ֆեդերացիայի նախագահ Վահրամ Հակոբյանը տեղեկացրել է, որ այսօր ֆեդերացիան ունի շուրջ 200 մարզիկ Երևանում: Նախատեսվում է, որ շուտով քրոսֆիթով մարզվելու խմբակներ կբացվեն նաև Գյումրիում, իսկ ապագայում նաև՝ Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում: