Խաղն անվճար դիտելու համար երկրպագուներից երկուսը քնել են «Օլդ Տրաֆորդի» զուգարանում
Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» հանդիպումն անվճար դիտելու համար օտարերկրացի երկու ուսանող թաքնվել են «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտի զուգարանում, որտեղ էլ անցկացրել են գիշերը: Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը:
Առավոտյան նրանց հայտնաբերել են ստադիոնի անվտանգության աշխատակիցները: Երիտասարդ տղաներին հանձնել են ոստիկանությունը, որը, սակայն, նրանց չի ձերբակալել: Մանկունյանցիները սկսել են սեփական հետաքննությունը:
«Հասկանում ենք, որ մարդիկ ամեն քայլի կգնան` «Օլդ Տրաֆորդում» տեղի ունեցող խաղերին հետևելու համար, սակայն տղաները շատ հեռուն են գնացել: Մեզ ուրախացնում է միայն այն փաստը, որ նրանց անձնական իրերը զննվել են մուտքի մոտ և անվտանգության տեսանկյունից ռիսկային ոչինչ չկար»,- ասել է մանկունյանցիների գլխավոր քարտուղարը: