Փաշիկ Ալավերդյան. «Ոչ ոք իրավունք չունի Հռիփսիմեի մեդալը հետ պահանջելու»
Այսօր Օլիմպիական Միջազգային Կոմիտեն հրապարակել էր Համաշխարհային հակադոպինգային գործակալության հերթական զեկույցը, որում նշված էին այն 12 մարզիկների անունները, ովքեր նախնական տվյալներով կասկածվում էին Լոնդոնի 2012 թ. Օլիմպիական խաղերում արգելված նյութեր օգտագործելու մեջ:
Նրանց թվում էր նաև Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, +75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը: Կարգապահական կոմիտեն խախտում էր նկատել հայ ծանրորդուհու կողմից, ինչի պատճառով զրկել էր նրան բրոնզե մեդալից։ Զեկույցում նշված էր, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հնարավորինս արագ պետք է վերադարձնի մեդալն ու պատվոգիրը:
Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ պետք է սպասել որոշման վերջնական կայացմանը և որ մեր ֆեդերացիան նման կարգադրություն չի ստացել:
«Եթե Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման ժամկետը չկա, նշված չէ, թե նա քանի տարով է որակազրկվել, ինչպե՞ս կարող ենք խոսել մեդալը վերադարձնելու մասին: Ո՞ւմ պետք է վերադարձնենք, ինչո՞ւ: Ոչ ոք իրավունք չունի մեզանից մեդալը հետ պահանջելու: Դա ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի աշխատանքն է, և ես չեմ պատրաստվում նրան քննադատել: Նրանց աշխատանքը կանոնակարգողը և օրենքներ հնարողը ես չեմ: Կրկնում եմ, մինչև այսօր դեռ որևէ հստակ որոշում չի կայացվել որևէ մեկի որակազրկման վերաբերյալ: Սա հակադոպինգային կոմիտեի աշխատանքն է: Նրանք պարբերաբար հրապարակում են մարզիկների անունները»,- ասաց Ալավերդյանը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը տեղեկացրեց, որ նոյեմբերի 24-ին մամլո ասուլիս կհրավիրի, որտեղ կպատասխանի լրագրողներին հուզող բոլոր հարցերին: Ասուլիսի վերաբերյալ մանրամասներ կտեղեկացվեն վաղը: