Հակաբիոտիկներ ստանալու համար պետք է դիմել պոլիկլինիկաներին
«Հակաբիոտիկները մեզ մոտ երբեք ներառված չեն եղել առանց դեղատոմսի դեղերի ցանկում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյանը:
«Հակաբիոտիկները միշտ էլ եղել են դեղատոմսով: Դեղերի մասին օրենքով ամրագրված կետ կա՝ միայն դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնված դեղեր: Հակաբիոտիկները մտնում են դեղատոմոսով դեղերի ցանկում, ուղղակի համապատասխան վարչական տույժ, առանց դեղատոմսի բաց թողելու համար, չէր նախատեսվում: Հիմա օրենսգրքում փոփոխություն է իրականացվել, որ առանց դեղատոմսի դեղատոմսային դեղերի բաց թողնման ժամանակ նախատեսված է վարչական տույժ»,-ասաց ԱՆ մասնագետը:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ բնակչության շրջանում մշակույթ է ձևավորվել, որ կարող է հակաբիոտիկը նշանակել հարևանը, բարեկամը, առանց դրա նկատմամբ զգայունության որոշման. «Շատ սխալ է, երբ հակաբիոտիկները կիրառվում են վիրոսային վարակների ժամանակ, օրինակ՝ սեզոնային գրիպի ժամանակ: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ հակաբիոտիկը նշանակվի միայն մասնագետի ցուցումով: Դեղատոմոսով համաբիոտիկներ ձեռք բերելու դեպքում էլ անպայման հետևել բժշկի ցուցումներին: Նաև այցելուն պետք է այնպայման հարց տա՝ թե ինչ հիմնավորումով է բժիշկն իրեն համաբիոտիկ նշանակել, իսկ բժիշկն էլ պարտավոր է ներակայցնել դա»:
Քրիստինա Գյուրջյանը հավելեց, որ հակաբիոտիկներն ունեն երեք հիմնական հատկություն. «Դրանք ազդում են միայն մանրէի վրա, ազդեցություն չունեն մարդու հյուսվածքի կամ օրգան համակարգերի կարգավորման համար, այսինքն հակաբիոտիկը չի կարելի օգտագործել որպես ջերմիջեցնող կամ այլ ինչ-որ խնդիր լուծելու համար: Մյուս հատկությունը՝ եթե երկար ու շատ ես օգտագործում, նրա ազդեցության արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է: Եվ երրորդը կայունության զարգացումն է՝ հակաբիոտիկների օգտագործման ժամանակ»:
Բանախոսները վերջում հավելեցին, որ ինչպես դեղատոմսով բաց թողնվող մնացած դեղերի պարագայում, հակաբիոտիկների համար էլ պետք է դիմել առաջին օղակին՝ այն պոլիկլինիկաներին, որտեղ հաշվառված են: