Արամ Քոչարյան. «Ֆուտբոլային բնավորությունս թույլ չտվեց կոտրվել»
20-ամյա Արամ Քոչարյանը, ով ընդամենը մի քանի ամիս առաջ զորամասում էր և ծառայում էր հայրենիքին, ոչ միայն հասցրել է վերադարձել է «Բանանց», այլև կարողացել է գոլ խփել «Գանձասար-Կապանին»: Ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ֆուտբոլիստը կիսվել է Բարձրագույն խմբում գոլ խփելու հույզերով, հիշել է զինվորական ծառայության ընթացքում իր մտքերը և մտորել է ապագայի մասին:
«Արթուր Ոսկանյանը նոր թիմ է կառուցում և շատ բան է փոխվել խաղամակարդում և մարզումներում: Գնալով միմյանց ավելի լավ ենք հասկանում և ինձ թվում է` արդեն գարնանը արդյունքն էլ ավելի լավը կլինի: Առաջին և Բարձրագույն խմբերում խփած գոլերը շատ են տարբերվում թե՛ հույզերի, թե՛ մակարդակների առումով: Որքան ավելի բարձր մակարդակով ես գոլ խփում, այնքան ավելի մեծ է ուրախությունը և դա ավելի շատ է մոտիվացնում`ավելի առաջ գնալու համար»,- նշել է Քոչարյանը:
Ֆուտբոլիստը վերջին անգամ Բարձրագույն խմբում հանդես է եկել 2014 թ. ապրիլին, որից հետո զորակոչվել է բանակ: 5-6 ամիս սպորտային վաշտում անցկացնելուց հետո ոտքի կոտրվածք ստանալով` տեղափոխվել է Վարդենիսի զորամաս, որտեղ ծառայել է 18 ամիս:
«Ֆուտբոլային բնավորությունս թույլ չտվեց կոտրվել, քանի որ միշտ պետք է նայել առաջ: Աստված տալիս է դժվարությունն այն մարդանց, ովքեր կարող են դրանք հաղթահարել: Ծառայության ընթացքում ազատ ժամանակ լինելու դեպքում միայն ֆուտբոլով էի զբաղվում: Զորացրվելուց հետո սկսեցի մարզվել «Բանանց-2»-ում, մի քանի խաղ խաղալուց հետո Արթուր Ոսկանյանը գլխավորեց «Բանանցի» առաջին թիմը, և ես էլ տեղափոխվեցի Բարձրագույն խումբ»,- պատմել է ֆուտբոլիստը:
Քոչարյանի խոսքերով` սկզբում մտածել է, որ ամեն ինչ անցյալում է և այլևս չի կարող ֆուտբոլով զբաղվել, սակայն ընտանիքի անդամները և հատկապես եղբայրն իրեն ուժ են տվել ասելով, որ եթե հանձնվի, ուրեմն թույլ մարդ է և ամբողջ չարչարանքն իզուր է եղել:
«Սա փորձություն էր, որը շատ դժվար էր հոգեբանորեն հաղթահարելը, բայց կարծում եմ` ինձ մոտ ստացվեց: Այն ժամանակ երբ հեռացա, «Բանանցը» չեմպիոն էր, իսկ հիմա փոխվել են մարզչական շտաբը և արդյունքները: Ինձ շատ էր տխրեցնում, որ հարազատ ակումբս պարտվում է: Հիմա փորձում եմ թիմի հետ միասին զարգացնել հաջողությունը: Չորս ամսից քիչ է, որ մարզվում եմ և գիտակցում եմ, որ չորս ամսում անհնար է երկու տարվա կորցրածը հետ բերել: Աշխատելու շատ տեղ ունեմ և համոզված եմ, որ մեծ ցանկության ու աշխատասիրության շնորհիվ կհասնեմ հաջողության»,- ասել է Արամը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում