ԱԻՆ. Դադարեցվել է 3 բենզալցակայանի շահագործում
Նոյեմբերի 14-ից սկսած հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների 120 բենզա- և գազալցակայաններում: Դրանցից 115-ի դեպքում կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, իսկ 3 դեպքում՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ: Հրդեհային անվտանգության պահանջները խախտելու համար ժամանակավորապես դադարեցվել է 3 բենզալցակայանի շահագործում:
Լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալներ ներկայացրեցին ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Հերացի փողոցում բռնկված հրդեհից հետո ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանձնարարեց հանրապետության բենզա- և գազալցակայաններում իրականացնել ստուգումներ, ներկայացնել դրանց արդյունքները, ինչպես նաև՝ հայտնաբերված խախտումները և դրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Ա. Մկրտչյանի խոսքով, բենզալցակայանները հիմնականում կառուցվել են 1990 և 2000-ական թվականներին. վերջին տարիներին բեզալցակայաններ չեն հիմնվել. ավելի շատ կառուցվել են գազալցակայաններ: Նա բենզալցակայաններում արձանագրված հիմնական թերություններից առանձնացրեց հետևյալ խնդիրները.
• պահպանված չեն բենզալցակայանից մինչև հարակից շենքերի ու շինությունների միջև պահանջվող հակահրդեհային միջտարածությունները,
• արտաքին հրդեհաշիջումն ապահովված չէ ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով,
• բենզալցակայանների սյունակները մայթերի կամ բանուկ մասերի եզրերին տեղադրելը,
• օբյեկտներն ապահովված չեն հրդեհաշիջման սկզբնական միջոցներով,
• էլեկտրատնտեսությունը մոնտաժված չէ էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոնների համաձայն:
Ա. Մկրտչյանը նշեց, որ տեսչությունը, ձգտելով հնարավորինս չխոչընդոտել տնտեսվարող սուբյեկտների աշխատանքներին, մշտապես կիրառում է նախազգուշացման պրակտիկան, իսկ սկսված վարչական վարույթները կարճում՝ եթե իրավախախտումները վերացվում են արդեն վարույթի ընթացքում:
«Քանի որ արձանագրված թերությունները լուրջ մոտեցում են պահանջում, որոշում է կայացվել վարչական վարույթները կասեցնել մինչև 2017 թ.՝ հաշվի առնելով այն, որ դրանք վերացնելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Խախտումներ ունեցող օբյեկտներին տրվել են կարգադրագրեր՝ կոնկրետ նշելով թերությունները. դրանք չվերացնելու դեպքում տնտեսվարողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, - ընդգծեց Ա. Մկրտչյանը:
Ա. Մկրտչյանը ավելացրեց նաև, որ անցած տարի հանրապետության ողջ տարածքում իրականացվել են ստուգումներ գազալցակայաններում: Նրա հավաստմամբ՝ գազալցակայաններում ավելի բարվոք վիճակ է, քան բենզալցակայաններում:
ԱԻՆ տրամադրած տվյալների համաձայն, 2008 թ.-ի դրությամբ հանրապետության բենզալցակայաններում արձանագրվել է 13 արտակարգ պատահար (հրդեհ և պայթյուն), 2016 թ.-ին՝ 3 դեպք:
2008 թ.-ին գազալցակայաններում տեղի է ունեցել 25 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 8 մարդ, 2016 թ. գրանցվել է 9 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 2, վնասվածքներ ստացել 6 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Հանձնարարվել է խստորեն ստուգել գազալցակայանների և բենզալցակայանների գործունեությունը
- Բենզալցակայանի պայթյունի հետևանքով երկու մարդ է տուժել
- Հրդեհ Հերացի փողոցում
- Կապանի բենզալցակայանում հրդեհի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ