Արցախի Սահմանադրության նախագծով սահմանների մասին հոդվածը տարածվում է նաև Շահումյանի, Գետաշենի վրա. Պատգամավոր
Արցախի Հանրապետության Սահմանադրության նոր նախագիծն արդեն պատրաստ է; Այն դրվել է լայն քննարկման, ներկայացվել բնակչությանը և նաև լրամշակվել:
Արցախի Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Սահմանադրության նախագծի 1-ին հոդվածը սահմանում է, որ Արցախի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, իսկ երկրորդ հոդվածը նշում՝ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են:
Սահմանադրության նախագծի երկրորդ գլուխը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն է կարգավորում:
Մասնավորապես, հոդված 23-ը սահմանում է մարդու արժանապատվության անխախտելի է: Իսկ հոդված 23-ը սահմանում է անձնական ազատության իրավունքը, որի համաձայն յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք:
Սահմանադրության նախագծի 173 հոդվածը վերաբերում է Արցախի հանրապետության սահմաններին. «Արցախի Հանրապետության հանրային իշխանությունն իրականացվում է այն ողջ տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»:
«Իմ կարծիքով 173-րդ հոդվածը գրված է շատ փայլուն: Փաստացի տարածքներ ասելով եթե իշխանություն ենք տարածում, ապա Գետաշենը, Շահումյանը, օրակարգից չի հանվում: Պատերազմը չի ավարտվել, մենք ունենք 1991 թվականի անկախության հանրաքվե, որին մասնակցել են Շահումյանի, Գետաշենի մեր հայրենակիցները, հետևաբար այդ տարածքների վրա ևս տարածվում է Սահմանադրության այդ հոդվածը», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Արցախցի պատգամավորի համար զարմանալի է՝ ինչու ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում Գետաշենի, Շահումյանի մասին հարցեր չեն շոշափվում, քանզի դրանք Արցախի հողերն են:
«Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու դեպքում, Ադրբեջանը կկորցնի նոր քաղաքներ, նոր համայնքներ, և մեր Սահմանադրության նախագծի 173 հոդվածը հակասության մեջ չի մտնում: Այսօր ինչ մենք ունենք, դրանք բոլորը ազատագրված տարածքներն են, իսկ փաստացի տարածքները, որի մասին խոսում է Սահմանադրության նախագիծը, ազատագրված տարածքներն են:
Մենք ունենք Մարտակերտի շրջանից տարածքներ, Գետաշեն, Շահումյան, որոնք Ադրբեջանի իշխանության ներքո են գտնվում: Մենք չգիտենք՝ վաղը ինչ է լինելու, կա՞ էդ նոստրադամուսը, որը կարող է ասել վաղն ինչ է լինելու: Եվ Սահմանադրության նախագիծը հնարավորություն է տալու նոր իրողությունների դեպքում, ՍԴ 173 հոդվածը փոփոխության չենթարկել՝ և լավ իմաստով, և վատ», -հավելեց պատգամավորը:
Նշենք, որ 2006 թվականին հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրության սահմաններին վերաբերող 142 հոդվածի սահմանումն այսպիսին էր. «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան