ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նախագահի փոփոխությունից չափազանց կտրուկ քայլերը հավանական չեն. Շավարշ Քոչարյան
«Եկեք չգերագնահատենք այն անձանց, որոնց նշանակում են Մինսկի խմբի համանախագահ երկրները որպես ներկայացուցիչ ԵԱՀԿ Մինսկի խմբում», -այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների փոփոխությունների և նրանցից սպասվող ակնկալիքների մասին հարցին:
Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների քաղաքականությունը, անկախ համանախագահների փոփոխությունից, ըստ Քոչարյանի, մնում է, հետևաբար անձի փոփոխությունը չի նշանակում, թե բանակցային փաթեթը կմշակվի զրոյից:
«Բնական է, որ ինքը նախապես ամեն ինչին ծանոթանում է և հայտնվում է այն նույն հոսանքի մեջ, որը մինչ այդ կար», -հավելեց փոխարտգործնախարարը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի փոփոխությանը և առաջիկայում արդեն նաև Ֆրանսիայում կայանալիք ընտրություններում նախագահի հնարավոր փոփոխությանը, արտաքին գերատեսչության ներկայացուցիչն ասաց, որ այս պարագայում արդեն խնդիրն այլ է:
«Հասկանալի է, որ ԱՄՆ-ի պարագայում նույնիսկ նախագահը, երբ գալիս է այդ պաշտոնին, կան կայացած ինստիտուտներ, կան փորձագիտական խմբեր, քաղաքականություն, այստեղ էլ չափազանց կտրուկ քայլերը հավանական չեն: Բայց բնական է, որ նախագահն ունի լրիվ այլ լիազորություններ, քան ԵԱՀԿ Մինսկի խմբում այդ երկրի ներկայացուցիչը և այստեղ հնարավոր են այս կամ այն ուղղության որոշակի փոփոխություններ», -հավելեց փոխարտգործնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին