Այսօր բանակցային փաստաթուղթը Մադրիդյան փաստաթուղթն է. ՀՀ ԱԳ փոխնախարար
Այսօր ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների սեղանին դրված է մեկ փաստաթուղթ և դա Մադրիդյան փաստաթուղթն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ի վերջո հիմնախնդրի կարգավորման բանաձևը ո՞րն է՝ տարածքներ կարգավիճակի դիմա՞ց, թե՞ տարածքներ միջանկյալ կարգավիճակի դիմաց, Հայաստանի ԱԳ փոխնախարարը ներկայացրել է Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթղթի էությունը.
«Երբ առաջարկվեցին մադրիդյան սկզբունքները, միջնորդները բացահայտ ասում էին, որ կողմերի միջև կան իրարամերժ մոտեցումներ՝ հայկական կողմերն ասում են՝ ինքնորոշում, անկախություն, ադրբեջանական կողմը՝ իմ տարածքային ամբողջականություն: Թվում է, թե այդ երկու մոտեցումները անհնարին է համատեղել: Բայց միջնորդներն ասում են՝ մենք գտել ենք համատեղելու ձևը, որը համահունչ է միջազգային իրավունքին: Ասում էին՝ այո, ինքնորոշում, բայց միայն Ղարաբաղի տարածքով, գումարած հուսալի ցամաքային կապ Ղարաբաղի և Հայաստանի միջև:
Ադրբեջան՝ այո, տարածքային ամբողջականություն, բայց առանց Ղարաբաղի և այդ ցամաքային կապի: Սա է այն բանալին, որն առաջարկել են միջնորդները:
Այնուամենայնիվ, երբ խոսքը վերաբերում է կարգավիճակին, ժամանակին, Մադրիդյան սկզբունքները որպես հիմք ընդունելով, եղել է շատ լուրջ զիջում հայկական կողմից: Ո՞րն է այդ լուրջ զիջումը: Տեսեք՝ Ղարաբաղի ժողովուրդը դեռևս ԽՍՀՄ գոյության օրոք, կազմակերպել է հանրաքվե, լիովին օրինական, այն ժամանակ՝ ԽՍՀՄ օրենքների համապատասխան, այսինքն ակտը եղել է և մնում է ճանաչումը:
Առաջարկությունը, որը ներառված էր Մադրիդյան փաստաթղթում, հետևյալն էր, որ լինի հետաձգված հանրաքվե: Այսինքն ոչ թե այն հանրաքվեի արդյունքը պետք է ճանաչվի, այլ լինի նոր հանրաքվե: Այդ հանրաքվեն ենթադրում էր այնպիսի պայմաններ, որ արդյունքը ըստ էության, կանխորոշված էր: Որո՞նք էին այդ պայմանները՝ դրվում է երեք հարց՝ անկախ Ղարաբաղ, Ղարաբաղը ցանկանում է միավորվել Հայաստանի հետ և այս կամ այն կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ փաստաթուղթը ենթադրում էր, որ ձայներն ունեն իրենց կշիռը, և հայկական կողմի ձայները 75 տոկոսից ավելի է, ադրբեջանականինը՝ 25 տոկոս: Այդ կշիռը գալիս է վերջին մարդահամարից, որը եղել է դեռևս ԽՍՀՄ օրոք: Ակնհայտ էր, որ արդյունքը կանխորոշված է՝ հօգուտ հայկական կողմերի:
Հարց է առաջանում՝ ինչների՞ս է դա պետք: Պատասխանը հետևյալն էր՝ ժամանակին Բաքվի իիշխանությունները ասում էին, որ չենք կարող միանգամից գնալ այդ քայլի և պետք է նախապատրաստեն ժողովրդին այն մտքին, որ անխուսափելի է, ԼՂՀ-ն չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հիմա արդեն մենք ենք հարց տալիս. 97 թվականից հետո անցել է այսքան ժամանակ, արդյոք կատարե՞լ են Ադրբեջանի իշխանությունները այն քայլերը, որոնք ուղղված են նրան, որ Ադրբեջանի հանրությունը այդ մտքի հետ հաշտվի: Բնականաբար, ոչ: Արվում է ճիշտ հակառակը: Սա ենթադրում է, որ այդ նույն Մադրիդի շուրջ պետք է ձևավորվի նույն բանակցային գործընթացը՝ այլ վերաբերմունք, այլ տրամաբանություն:
Երկրորդ հանգամանքը, որը ձևավորվել է հատկապես ապրիլյան պատերազմից հետո: Սանձազերծելով Ադրբեջանը խախտեց իր միջազգային պարտավորությունը, որովհետև 94-ի զինադադարի համաձայնագիրը միջազգային պարտավորություն է: Երկու կողմերը՝ Ադրբեջանը և Ղարաբաղը, արդեն պատրաստ էին ստորագրելու, բայց Բաքվից եղավ առաջարկություն, որ բանակցություններին միանա նաև Հայաստանը: Երևանը համաձայնեց: Բոլորը քննադատում էին:
Բայց պարզվեց, որ Երևանի ստորագրությունը դրական տարրեր է պարունակում՝ եթե մնար միայն Ադրբեջանի և Ղարաբաղի ստորագրությունները, Ադրբեջանը հետո կհայտարարեր, թե դա միջազգային պարտավորություն չէ, բայց Հայաստանը, լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, փոխեց իրավիճակը»:
Քոչարյանի ներկայացմամբ, փաստաթղթերի տակ ստորագրություններ դրած սուբյեկտը՝ այս պարագայում Ադրբեջանը, միշտ արել է հակառակը. դրել է իր ստորագրությունը, բայց վարվել այլ կերպ:
Փաթեթային կարգավորումը, անկախ կողմերի ցանկությունից, մեկ օրում չի իրականացվում և, փոխնախարարի խոսքով, պահանջում է փուլային լուծում: «Ցանկացած փաթեթային կարգավորում, որը ենթադրում է փուլեր, պետք է ելնի այն հանգամանքից, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը նույնիսկ փաթեթային պայմանավորվածության դեպքում, եթե փուլերից մեկի դեպքում ստանում է առավելություն, կարող է հետ կանգնել մնացածը իրականացնելուց», -նկատեց Քոչարյանը՝ կարծիք հայտնելով, որ դա գիտակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները:
Արցախը, սակայն, Քոչարյանի խոսքով, Մադրիդյան փաստաթուղթը չի ընդունել, և «մադրիդյանից» հետո հետագա մյուս փաստաթղթերը եղել են փոքր ձևափոխություններով:
«Եթե Կազանում Ադրբեջանը չտապալեր բանակցությունները, դա նշանակում էր, որ հաջորդ քայլը լինելու էր Ղարաբաղի խոսքը, և Արցախը պետք է ասեր՝ ընդունո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե ընդուներ, այդ դեպքում երեք կողմերը միասին պետք է աշխատեին այդ մեծ պայմանագրի մշակման վրա», -հավելեց փոխնախարարը:
Բանակցությունների ընթացքում, նրա խոսքով, տարբեր բանակցված փաստաթղթեր եղել են, որոնք արդյունքներ չեն ունեցել: «Դրա համար մենք չենք կարող խոսել որևէ փաստաթղթի մասին», -ասաց Քոչարյանը: