Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի ԼՂՀ տարածքի հետ. ԱԳ փոխնախարարը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքի հետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՀՀ նախագահի վերջին հարցազրույցում հնչած հայտարարությունները:
«Նախագահի կողմից ասվածի իմաստը շատ պարզ է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքի հետ», -նշեց Քոչարյանը:
Հիշեցնենք՝ նախագահ Սարգսյանը «Սպուտնիկ Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում պետք է հաշվի առնվի նաև ազգերի ինքնորոշման իրավունքը:
«Մենք ճանաչում ենք ցանկացած պետության տարածքային ամբողջականությունը, այդ թվում նաև Ադրբեջանի: Բայց ազգերի ինքնորոշման իրավունքը որևէ կերպ չի հակադրվում տարածքային ամբողջականության սկզբունքին, քանի որ տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը՝ մայրաքաղաքին և ժողովրդին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում։ Եթե մենք անտեսում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից, չէ՞ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Ուստի՝ այս սկզբունքները միմյանց չեն հակասում»,- նշել էր ՀՀ նախագահը: