ԱՆ.Պետական պատվերի շրջանակում բժշկական մի շարք ծառայությունները կրկին հասանելի են
«Պետական պատվերի շրջանակներում փոխհատուցվող առանձին բժշկական ծառայությունների համար պետբյուջեից ուղղվող հատկացումները վերջին տարիներին հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին պարբերաբար սպառվում են»,-այս մասին ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում:
Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այլ ծրագրերով չծախսված և տնտեսված գումարների հաշվին մոտ 1 մլրդ 267,6 մլն դրամի չափով վերաբաշխումներ կատարելով մի շարք ծառայությունների փոխհատուցման հնարավորություն է ստեղծել։
«537,5 մլն տրամադրվել է սրտի վիրահատությունների փոխհատուցմանը, 145,5 մլնը` զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողների և նրանց ընտանիքի անդամների, 135 մլն` երեխաների, 98 մլն` անհետաձգելի բժշկական օգնությանը։ Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ցուցաբերելու համար լրացուցիչ տրամադրվել է 83,5 մլն դրամ։
Վերաբաշխման արդյունքում պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն կտրամադրվի նաև հեմոդիալիզի կարիք ունեցողներին, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին, կիրականացվեն լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ և այլն»,-հայտնում է աղբյուրը։