Մահացել է նկարիչ-գրաֆիկ Արա Բաղդասարյանը
Մահացել է նկարիչ-գրաֆիկ, պրոֆեսոր, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի և գծանկարի ամբիոնի վարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական խմբագիր Արա Բաղդասարյանը:
Գեղարվեստի ակադեմիայից Panorama.am-ին հայտնեցին, որ նոյեմբերի 21-ին նա գնացել է դասի. «Անսապսելի էր, ամենայն հավանականությամբ, սրտի կաթվածն է եղել մահվան պատճառը»:
Արա Բաղդասարյանը ծնվել է 1940 թվականին: 1957-1961 թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1961–1964 թթ. ծառայել է խորհրդային բանակում` Կուբայում։ 1964–1966 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտի գրքարվեստի բաժնում, որն ավարտել է 1970 թ. նկարիչ – գրաֆիկի մասնագիտությամբ։
Աշխատել է Վորկուտայում, որտեղ և սկսել է ստեղծագործական գործունեությունը՝ մասնակցելով մի շարք հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։
1975 թ. տեղափոխվել է Տաշքենդ, որտեղ աշխատել է «Երեկոյան Տաշքենդ» թերթի խմբագրությունում և Գաֆ. Գուլյամի անվան գրականության և արվեստի հրատարակչությունում որպես նկարիչ և գեղարվեստական խմբագիր։ Մինչև 1978 թ. ձևավորել և նկարազարդել է շուրջ 50 անուն գիրք, ամսագրեր և այլ հրատարակումներ։ Ուզբեկական դասական պոեզիայի 5–հատորյակի ձևավորման և նկարազարդման համար գրքարվեստի հանրապետական մրցույթում 1981 թ. արժանացել է առաջին կարգի դիպլոմի, իսկ «Արևելյան մանրանկարչություն» ալբոմի ձևավորումը Մոսկվայի գրքարվեստի համամիութենական մրցույթում արժանացել է հատուկ դիպլոմի, այնուհետև Ալմա Աթայում՝ առաջին կարգի դիպլոմի։
1978 թ. վերադարձել է Երևան։ 1987 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ 1970 թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային տարբեր գեղարվեստական ցուցահանդեսների, գրքարվեստի և տառարվեստի մրցույթների։
1986 և 2010 թվականներին տեղի են ունեցել Արա Բաղդասարյանի անհատական ցուցահանդեսները Երևանում։ Ընդհանուր առմամբ, ձևավորել և նկարազարդել է ավելի քան 1000 անուն գիրք, որոնց մեծ մասը հրատարակված է տարբեր հրատարակչություններում։
Արա Բաղդասարյանը հանդես է եկել նաև Արա-Ռուսա գրական անվամբ. 2009 թվականին հրատարակվել է նրա «Ակնթարթ» վերնագիրը կրող ժողովածուն, որում տեղ են գտել իր ստեղծած 100 հոկկուները, ինչպես նաև ճապոնացի բանաստեղծների հոկկուների՝ իր կատարած թարգմանությունները։ Թարգմանել է Բասյոյի, Բուսոնի, Իսյոյի, Տիյոյի, Ռիույի, Իսսայի և ճապոնացի այլ բանստեղծների հոկկուներ։