Արմավիրում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար
Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում նախօրեին բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար, որն օծվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 6-ն Արմավիրի մարզից էին: Այդ հերոսների թվում էր նաև արևիկցի Գոռ Կարապետի Կիրակոսյանը` ծնված 1996 թվականի հունվարի 21-ին: Նա միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում` աչքի ընկնելով ուշիմությամբ և նպատակասլացությամբ: 2014 թվականի հուլիսի 7-ին Գոռը զորակոչվել է հայոց բանակ` իր որդիական պարտքը մատուցելու հայրենիքին: Նա իր զինվորական ծառայությունն անցկացրել է ԼՂՀ պաշտպանության բանակում և ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների: 2016 թվականի ապրիլի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդի արձակած արկից Գոռը հերոսաբար զոհվել է` ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվելով «Մարտական ծառայության համար» մեդալով:
Հերոս հայորդու սխրանքը յուրովի է գնահատվել նաև իր ծննդավայրում` հայրենի Արևիկում, որի դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվել է Գոռ Կիրակոսյանի անունով:
Խաչքարի բացման արարողությանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան ողջունելով բոլորին` մասնավորապես նշել է. «Ես խոնարհվում եմ Գոռ Կիրակոսյանի և քառօրյա պատերազմում իրենց կյանքը տված մյուս բոլոր հերոս տղաների հիշատակի առջև: Նրանք իրենց հերոսությամբ ապացուցեցին, որ հայի մարտական ոգին անկոտրում է: Քանի դեռ մեր պետությունը գտնվում է կիսապատերազմական վիճակում, մենք պարտավոր ենք անառիկ պահել մեր սահմանները` ավաղ, նաև մեր քաջ տղաների կյանքի գնով, որոնց հիշատակը միշտ վառ ենք պահելու մեր սրտերում»:
Օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձն ընթերցել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ԵԿՄ Արմավիրի մարզային խորհրդի և «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահների կողմից Գոռ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Երկրապահ» և «Զինվոր հայրենյաց» հուշամեդալներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան