Ծխախոտի դեմ պայքարը՝ համընդհանուր խնդիր
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդությունների ու մահացության դեպքերն առողջապահական լուրջ խնդիրներ են առաջացնում, ուստի մեր երկրում էլ ծխելու դեմ պայքարը շարունակում է մնալ երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկը:
Ասօր լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ հիվանդությունների զգալի մասն առաջանում են ռիսկի գործոններից, իսկ ծխախոտը հիմնական ռիսկի գործոն է ոչ վարակիչ հիվանդությունների համար, և այսօր սրտանոթային, շնչառական համակարգի ու քաղցկեղային հիվանդությունները պայմանավորված են նաև ծխախոտի երկարատև և ավելի օգտագործմամբ:
Նրա խոսքերով՝ ամբողջ աշխարհում նկատվում է դրական տենդենցներ` կապված ծխախոտի օգտագործման նվազեցման հետ, վերջին շրջանում խստացվել է հակածխախոտային օրենսդրությունը նաև Ռուսաստանում և Ուկրաինայում, և դրական միտումներն արդեն նկատելի են:
Ալեքսանդր Բազարչյանը ասաց, որ Հայաստանում նույնպես դրական միտում կա՝ 2000-ականների սկզբին այդ ցուցանիշը 60 տոկոս էր, այսօր 50, բայց դա չի կարող մեզ հանգստացնել, միևնույն է այդ ցուցանիշը շարունակում է մնալ բարձր:
Ըստ նրա դիտարկման՝ Հայաստանում ծխախոտի օգտագործումը բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:
Ընդհանուր առմամաբ. Հայաստանի բնակչության 25 տոկոսը համարվում է ծխող, Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Կանանց շրջանում ծխախոտի տարածվածությունն առավել մեծ է մայրաքաղաքում, քան մարզերում:
Մեր երկրում ծխախոտի օգտագործման բուն շրջանը 18-25 տարիքային խումբն է, ինչը, ըստ մասնագետի դիտարկման, պայմանավորված է ծնողների հսկողությունից դուրս գալու գործոնով:
«Մեր երեխաները բավականին երկար են մնում ծնողի հսկողության տակ: 18-ից հետո ինստիտուտ ընդունվելիս կամ բանակ ծառայության գնալիս նրանք դուրս են գալիս ծնողի հսկողության տակից և սկսում ծխախոտ օգտագործել: Դա է պատճառը, որ Հայաստանում ծխախոտի օգտագործման պիկը սկսվում է 18 տարեկանից հետո»,- նշեց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը:
Անդրադառնալով հիվանդություններին՝ Ալեքսանդր Բազարչյանն ասաց, որ թոքի քաղցկեղն ուղղակիորեն կապված է ծխախոտի հետ, թոքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը ծխախոտ օգտագործողների շրջանում 90%-ով ավելի է: «Փորձագիտական հաշվարկներով, Հայաստանում տարեկան 3000-4000 մահ հնարավոր կլիներ կանխարգելել, եթե մարդիկ չծխեին: Միզապարկի քաղցկեղի համար ևս ծխախոտի օգտագործումը հանդիսանում է ռիսկի գործոն»,-ասաց նա:
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը հայտնեց, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում իրականացվում է ծխելու դեմ միջոցառումների շարք: Ըստ նրա՝ արգելել ծխախոտային արդյունաբերությունը հնարավոր չէ, բայց Առողջապահության նախարարությունը միջազգային պայմանագրերով, իրազեկման, գովազդի արգելման, հասարակական վայրերում ծխախոտի սահմանափակման, հարկային քաղաքականության միջոցով փորձում է պայքարել ծխելու դեմ։