Երևանում բացվեց պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը՝ Թուրքիայում» ցուցահանդեսը
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում բացվեց պոլսահայ ժամանակակից լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը՝ Թուրքիայում» ցուցահանդեսը, կայացավ «Հայերը» ալբոմի շնորհանդեսը:
Նուրանը ծագումով Սեբաստիայից է: Նա առաջին անգամ է Հայաստանում: Հայերեն հասկանում է, սակայն խոսել չի կարողանում: Սիրած երգերից է «Դլե Յաման»-ը: Եթե հնարավորություն լինի, կփոխի անունը՝ Հրանտ:
«Իմ կնունիք անունն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նուրան Աքքայան:
«Թուրքահայերս գաղտագողի ենք ապրում, միշտ մնում ենք չբացահայտված: Ցանկացա 21-րդ դարում այդ վայրագույրը բարձրացնել: Աշխատեցի այս նկարների միջոցով տեսանելի դարձնել Թուրքիայի հայերին, քանի որ մեր այս երկու հասարակությունը՝ Հայաստանի հայերը և Թուրքիայի հայերը, իրարից հեռու են: Աշխատեցի, որ այս նկարները կամուրջ հանդիսանան նրանց միջև»,- նշեց լուսանկարիչը:
Նուրան Աքքայան պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէ: Այս ծրագրի վրա 6-7 տարի է աշխատել:
«Որոշ նկարներ անելիս մարդիկ իրենց սիրտը բացեցին: Օրինակ, մի կին, ըստ հոր պատմածների, կազմել է քարտեզի նման մի բան, որի վրա պահում է իր ընտանեկան հիշողությունները. նկարված է իրենց տունը, եկեղեցին, գյուղի դպրոցը: Մի քանի ժամ խոսակցությունից հետո միայն այդ կինը գնաց, հանեց մի տետրի միջից և ցույց տվեց ինձ:
Ներկայացված նկարներում ամեն ինչ բնական վիճակում է, չեմ ասել՝ հատուկ այսպես կանգնեն, այնպես նստեն»,- հավելեց նա:
Ցուցահանդեսում ներկայացված է 50 լուսանկար, գրքում՝ շուրջ 100: Արված լուսանկարների առանցքում պոլսահայ հասարակությունն է, նրա տարբեր խավերի ներկայացուցիչների դիմանկարները: Լուսանկարներն արված են տարբեր շրջաններում՝ Պոլիս, Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի, Մուսա լեռան հայկական վերջին՝ Վաքըֆլի գյուղ, Կարս, Կեսարիա:
Սա լուսանկարչի առաջին ցուցահանդեսն է: Մտադրություն ունի «Հայերը՝ Թուրքիայում» ցուցահանդեսը ներկայացնել նաև Թուրքիայում, սակայն դեռ վերջնական որոշում չկա՝ որտեղ և երբ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ նախարարության հերթական կարևորագույն ծրագրերից մեկն է:
«Պոլսահայ համայնքի հետ անընդհատ աշխատում ենք, հրավիրում երգի, պարի խմբեր, կազմակերպում ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, նշում թերթերի հոբելյաններ: Հպարտ եմ, ուրախ, նաև տխուր, որ Պոլսում այդպիսի հրաշալի մշակութային համայնք ունենք, շատ ազգային, մշակութային գործեր են այնտեղ ծնվում»,- նշեց նախարարը:
Խոսելով Նուրան Աքքայայի լուսանկարների մասին՝ Հ. Հակոբյանը նշեց, որ ներկայացված են հասարակ մարդիկ, հայկական սրբատեղիները, եկեղեցիները որպես հայ ժողովրդի լինելության, հավատքի կենտրոններ:
«Նուրանը պատկերել է հետաքրքիր մի բանալի, որն ապագային բանալին է, որը մենք պետք է բացենք և առաջ տանենք»,- հավելեց նախարարը:
Նուրան Աքքայան ծնվել է 1972 թվականին Պոլսում: Լուսանկարչությամբ սկսել է հետաքրքրվել 1984 թվականից: 1992 թվականին ավարտել է «Մարմարա» համալսարանի կենսաբժշկական գործիքների արհեստագիտության բաժինը: Ներկայումս ֆրանսիական բժշկական հաստատություններից մեկում աշխատում է իբրև տեխնիկական սպասարկման բաժնի տնօրեն: