Սերգեյ Մինասյանը ` վարչապետի որոշման մասին. ՀՀԿ-ի «ռեբրենդինգի» տարբերակներից մեկն է
«Հարկ է նշել, որ սա առաջին անգամը չէ, երբ նմանատիպ`ֆորմալ տեխնոկրատիկ, կամ, ավելի շուտ` իշխող կուսակցությունից դուրս գտնվող վարչապետը և իր մոտակա թիմը որոշում է կայացնում անդամակցել ՀՀԿ-ին: Նույն գործընթացը տեղի ունեցավ նաև Տիգրան Սարգսյանի պարագայում»,- մեկնաբանելով վարչապետ Կարեն Կարապետյանի`ՀՀԿ-ին անդամացելու որոշումը` panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Իհարկե Կարեն Կարապետյանը վարչապետը նշանակվեց ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետ պայմանավորվածությունների արդյունքում, սակայն Կարեն Կարապետյանը, որպես առաջատար քաղաքական գործիչ, իրականում կանգնած է քաղաքական հենարան ձեռք բերելու անհրաժեշտության առջև»,- նշեց Սերգեյ Մինասյանը`շեշտելով, որ կառավարության համար քաղաքական հենարանի հարցը մատնանշել է հենց վարչապետը:
Անդրադառնալով Հանրապետական կուսակցության վրա այս գործընթացի հնարավոր ազդեցությանը` քաղաքագետը նշեց, որ դա անմիջականորեն կապված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ-ի ներսում իրականացվելիք փոփոխությունների վերաբերյալ հայտարարության հետ:
«Այսպես կոչված «ռեբրենդինգի» տարբերակներից մեկը նաև կարծում եմ, կարող է դառնալ վարչապետի և իր մոտակա թիմի անդամակցումը ՀՀԿ-ին: Այս ամենի նպատակը ոչ միայն ՀՀԿ կազմում նոր դեմքերի ի հայտ գալն է, այլ նաև` կառավարման ոլորտում փորձառություն և մասնագիտական համապասխան ունակություններ ունեցող անձանց կուսակցության մեջ ընդգրկելը: Մյուս կողմից` վստահ եմ, որ այս գործընթացը, մեղմ ասած, միայն ոգևորություն չէ, որ ի հայտ կբերի ՀՀԿ-ի ներսում»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
Մեր զրուցակցի խոսքով, ինչպես ցանկացած քաղաքական ուժի մեջ, այնպես էլ` ՀՀԿ-ում, առկա են տարբեր շերտեր:
«Չեմ կարծում, որ այսպես կոչված, «Հին գվարդիան» չափազանց մեծ ոգևորությամբ ընդունի այս ամենը: Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո նրանց համար ընդհանրապես այդքան էլ լավ ժամանակներ չեն եկել: Այս իրավիճակում, մասնավորապես ՀՀ նախագահի կողմից արված հայտարարությունների, և, ինչու չէ` նաև հասարակության սպասելիքների համատեքստում, ՀՀԿ-ի ամենախոցելի հատվածը հենց «Հին գվարդիան» է»,- ասաց Սերգեյ Մինասյանը
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրերի իրագործման վրա այս ամենի հնարավոր ազդեցությանը, ապա ըստ քաղաքագետի, հստակ է, որ ընտրությունների շեմին արված բոլոր հայտարարությունները նախևառաջ ունեն քարոզչական բնույթ:
«Իհարկե հնարավոր է, որ անմիջական «մեխանիկական կառավարման» միջոցով լուծվեն, օրինակ սակագների կամ նմանատիպ ինչ-որ հարցեր, բայց մեծամասամբ դրանք նախընտրական հայտարարությունն են, որոնք կարող են կյանքի կոչվել միայն ապրիլից հետո»- նշեց Սերգեյ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին