Քաղաքագետ. Չի բացառվում, «մենեջերների» մուտքով պահպանողական կուսակցություն կարող ենք «թարմության դոզա» ապահովել
Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցությունը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը սպասված ու քաղաքականապես տրամաբանված որոշում է համարում:
«Հիշեցնեմ, որ մինչ վարչապետի նման հայտարարությունը ՀՀ նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նման հայտարարություն արդեն արել էր: Քաղաքական գործընթացների ընթացիկ կոնյուկտուրայի առումով ես այս ամենին շատ նորմալ ու դրական եմ վերաբերվում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով, քաղաքական, ինչպես նաև ինչ-որ առումով իրավական տեսանկյունից փոփոխված Սահմանադրության մոտեցումների ներքո պարզ է, որ կառավարության անդամները պետք է անդամակցեն քաղաքական այն ուժին ու աշխատեն պառլամենտական այն մեծամասնության հետ, ով իրենց աշխատանքի մասով պատասխանատվություն է ստանձնել, ումից նրանք հրավեր են ստացել:
«Ըստ գործող վարչապետի, իրեն այդ պաշտոնը ստանձնելու առաջարկ անձամբ արել է ՀՀ Նախագահը: Ուստի տրամաբանական է, որ Վարչապետն իր թիմով չի կարող «քաղաքականապես» նեյտրալ մնալ, հատկապես, եթե ՀՀԿ-ն փաստացիորեն նաև քաղաքական պատասխանատվություն է ստանձնել նրա գործունեության համար:
Մյուս կողմից նշեմ, որ հանրապետական դառնալն առավել յուրային է դարձնելու նոր կառավարության մի շարք «անծանոթ» դեմքերին ու առավել լեգիտիմացնելու նրանց՝ երբեմն շատերի՝ այդ թվում նաև կուսակցական գործընկերների համար ոչ պոպուլյար որոշումները, խաղի կանոնների հնարավոր փոփոխությունները»,-ասաց Ա. Ղևոնդյանը։
Հարցին, թե ի՞նչ անդրադարձ կունենա վարչապետի՝ ՀՀԿ-ին անդամակցումը Կառավարության հետագա գործունեության տեսանկյունից, Panorama.am-ի զրուցակիցը պատասխանեց.
«Պարզ է, որ վարչապետի ու կառավարության անդամների՝ ՀՀԿ-ին անդամակցելով մի կողմից՝ Կառավարությունն շատ ավելի ինքնավստահ կլինի իր հետագա քայլերում, մյուս կողմից՝ օբյեկտիվորեն «պառլամենտական մեծամասնություն - կառավարություն» գործակցությունն առավել արդյունավետ «ռելսերի» վրա կդրվի: Այստեղ խնդիրը ինստիտուցիոնալ համագործակցության կայուն միջավայր ստեղծելու մեջ է, որը կարծում եմ կհաջողվի»:
Այսօր բացի վարչապետից ՀՀԿ-ին անդամագրվելու վերաբերյալ դիմումներ գրելու մտադրության մասին բաձրաձայնեցին նաև գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները:
«Ինչ վերաբերում է նոր անդամների՝ ՀՀԿ-ին միանալուն, ապա կարծեմ հենց երկրի Նախագահ Ս.Սարգսյանն իր ելույթներից մեկում անդրադարձավ կուսակցական բարեփոխումների անհրաժեշտությանը, փոփոխությունների կարևորությանը: Իրականում դա ներքաղաքական իրողություններով ու երկրի զարգացման հրամայականներով պայմանավորված քայլ է: Ցանկացած կուսակցություն և այդ թվում ՀՀԿ-ն քարացած օրգանիզմ չէ և իր վարքով, մոտեցումներով պետք է համարժեք լինի քաղաքական դաշտի առաջնահերթություններին, երկրի առջև ծառացած անվտանգային իրողություններին ու արդյունավետ կառավարման հրամայականներին»,-ասաց քաղաքագետը:
Նա ընդգծեց՝ այսօր երկրում ունենք բազմաթիվ լրջագույն խնդիրներ, շոշափելի մարտահրավերներ, որոնց պետք է նորովի արձագանքենք, քանզի նախկին լուծումները կարծես այդքան էլ արդյունավետ չեն եղել:
«Իսկ դա նշանակում է, որ համակարգը պետք է առավել ճկուն լինի, երբեմն ոչ ստանդարտ, երբեմն ցավոտ, սակայն՝ արդյունավետ լուծումներ առջարկի: Չի բացառվում, որ այսպես ասած «մենեջերների» մուտքով ավանդական պահպանողական կուսակցություն կարող ենք «թարմության դոզա» ապահովել արդյունավետ կառավարման հետագա գործընթացներում»,-ասաց Ալեն Ղևոնդյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մարկարովի համար տրամաբանական էր, իսկ Իսկանդարյանի համար սպասելի
- Տրանսպորտի նախարարն արդեն դիմում է գրել և նույնպես կանդամակցի ՀՀԿ-ին
- Գյուղատնտեսության նախարարն այսօր դիմում կգրի
- Կարեն Կարապետյանի 7 պատճառները՝ ՀՀԿ-ին անդամակցելու որոշում կայացնելու համար
- Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել
- Վիգեն Սարգսյանն առաջիկա օրերին կանդամակցի ՀՀԿ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան