12-րդ դասարանում աշակերտը կարող է ընտրել դեկտեմբերին կամ հունիսին հանձնել պետական ավարտական քննությունները
«12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին հանձնում է միայն այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նա պարզաբանեց, որ հունիսին՝ միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել միայն այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով. «12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ դեկտեմբերի 24-30-ը և/կամ հունիսի 1-24-ը: Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին:
Հաստատության տնօրենը դեկտեմբերի 1-ից մինչև 10-ը ներառյալ քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոն ( ԳԹԿ): Քննությունները սկսվում են առավոտյան ժամը 10:00-ին: Սովորողները հաստատություն են ներկայանում ժամը 9:00-ին»:
Մասնագետը օրինակ բերեց՝ եթե երեխան որոշել է ընդունվել տնտեսագիտական համալսարան և ընդունվելու համար նա պետք է հանձնի «Հայոց լեզու», «Օտար լեզու» և «Մաթեմատիկա» առարկաները, ապա նա կարող է ընտրել այս երեք առարակները և երկրորդ կիսամյակում կուսումնասիրի և քննություն կհանձնի սրանցից:
Նրա խոսքով՝ եթե անգամ աշակերտը բուհ չի ընդունվում, կկարողանա ընտրել և շարունակել պարապել միայն այն երեք առարկաները, որոնք նախընտրում է և ցանկություն ունի այդ առարկայից գիտելիքներ ստանալ. «Ընտրած առարկաների ընդհանուր դասաժամերը շաբաթական պետք է լինի 30-ը՝ դրանց գումարած շաբաթական մեկ դասաժամ «Նախնական ռազմական պատրաստություն» առարկան, որի պարապումնքները ավելի շատ գործանական են լինելու, քան տեսական»:
Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ երեխաներ կան, ովքեր չեն ցանկանա դեկտեմբերին հանձնել ավարտական քննությունները և դրանք կհանձնեն հունիսին. «Կարծում եմ, այս փոփոխությունից կօգտվեն հիմնականում այն երեխաները, ովքեր պետք է մասնակցեն միասնական քննություններին, այսինքն կազատվեն այն առարկաներից, որը իրենց պետք չէ ու կուսումնասիրեն միայն միասնականի առարկաները: Այն երեխաները, որոնք բուհ չեն դիմելու, կարծում եմ ավարտական քննությունները կնախընտրեն հանձնել հունիսին»:
Ինչ վերաբերում է հարցին, որ դեկտեմբերին հանձնած քննությունների ժամանակ անբավարար ստացած աշակերտներին՝ Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նրանք վերաքննություն հանձնելու հնարավորություն կունենան՝ հուլիսի 1-10-ը:
Հանրակրթության վարչության պետը հավելեց, որ տարիներ շարունակ իրենց էին դիմում աշակերտներն ու ծնողները` ընդհուպ ասելով, որ երեխան ֆիզիկապես չի հասցնում պարապել թե՛ այն առարկաները, որոնք անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար, թե՛ հանրակրթական մյուս առարկաները:
Հարակից հրապարակումներ`
- Հաստատվել է քննությունների ժամանակացույցը
- Հաստատվել է 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը
- 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում աշակերտը իր ընտրությամբ կուսումնասիրի 3 առարկա. Ն. Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները