Հայաստանը 50 մլն դոլարի բյուջետային վարկ է ներգրավում ՎԶՄԲ-ից
Գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի նախագիծը:
Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային վարկ` 50 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի չորրորդ ֆինանսավորման նպատակն է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղությամբ՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում:
Վարկը կտրամադրվի 25 տարի ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ ժամկետով։ Վարկը կտրամադրվի 6-ամյսա Libor + ֆիքսված սպրեդ տոկոսադրույքով, որը սահմանված է գումարի փոխանցման պահին։
Մայր գումարի մարման ժամանակացույցը սահմանվել է հետևյալ կերպ. 2031 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2041 թվականի մայիսի 15-ը ներառյալ՝ մասհանված գումարի 4.76%-ը, 2041 թվականի նոյեմբերի 15-ին՝ մասհանված գումարի 4.80%: