Ծանր գիշեր Հալեպում. Ազգային դպրոցները մինչև նոյեմբերի 28 փակ են լինելու
Բերիո թեմը որոշել է Հալեպում ստեղծված ծանր իրավիճակում հայկական թեմին պատկանող վարժարանները փակ պահել մինչև նոյեմբերի 28-ը: Հալեպի մյուս վարժարանների՝ ՀԲԸՄ-ի և Ավետարանական համայնքի դպրոցների մասին տեղեկություն չի հաղորդվում:
«Արևելքը» գրում է, որ նման որոշում կայացվել է՝ նկատի ունենալով Հալեպի մեջ վերջին օրերին ստեղծված լարված պատերազմական իրավիճակը:
Լրատվամիջոցի աղբյուրը նաև հայտնել է, որ երեկ գիշեր մինչև ուշ երեկո Հալեպը ռմբակոծության է ենթարկվել, ռումբեր են ընկել Բե2ել և Գյուլբենկյան դպրոցների շուրջը, ինչը լուրջ վնասներ է առաջացրել: Աղբյուրը նշել է նաև, որ ռումբ է պայթել հայերով ու այլ քրիստոնյաներով բնակեցված շենքերից մեկի վրա: Նշվում է, որ վնասված շենքի բնակիչների մեծ մասը լքել են իրենց տները և գաղթել Կանադա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի իշխանությունները թռուցիկներ են տարածել Հալեպի արևելյան շրջանների մեջ՝ զինյալներին հանձնվելու կոչ անելով: Իշխանությունները խոստացել էին, որ եթե զինյալները զենքերը վայր դնեն, իրենք պատրաստ են համապատասխան վերաբերմունք ցուցաբերել, բժշկական օգնություն տրամադրել: