Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև՝ սառեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները
Եվրոպական խորհրդարանն այսօր ընդունեց ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ բանաձև, որով պատգամավորները կոչ են անում ժամանակավորապես դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները։
Բանաձևում ասվում է, որ Թուրքիան, այնուամենայնիվ, պետք է «կապված» լինի Եվրամիության հետ։
Նշվում է, որ Թուրքիան ԵՄ-ի կարևոր գործընկերն է, սակայն գործընկերության մեջ համագործակցելու կամքը պետք է լինի երկկողմանի։ Թուրքիան ցույց չի տալիս այս քաղաքական կամքը, քանի որ կառավարության գործողությունները ավելի են հեռացնում Թուրքիային իր եվրոպական ուղուց։
Բանակցությունների ժամանակավոր դադարեցումը հանգեցնում է նրան, որ նոր բանակցային գլուխներ չեն բացվելու և նոր նախաձեռնություններ չեն լինելու Թուրքիայի՝ ԵՄ բանակցությունների շրջանակներում։
Մահապատիժն այն կարմիր գիծն է, որը չպետք է անցնել։ Պատգամավորները նշում են, որ Թուրքիայի կառավարության կողմից մահապատժի վերականգնումը կհանգեցնի անդամակցության գործընթացի պաշտոնական կասեցմանը՝ ընդգծելով, որ «մահապատժի միանշանակ մերժումը Եվրամիության օրենսդրության կարևոր բաղադրիչն է»։
Խորհրդարանականները խստորեն դատապարտում են Թուրքիայի կառավարության կողմից ձեռնարկված «անհամաչափ ռեպրեսիաները»՝ 2016թ․-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։
Նշվում է, որ այս ամենը «խախտում է հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք պաշտպանված են Թուրքիայի սահմանադրությամբ»։
Բանաձևն ընդունվեց 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայներով։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Եվրոպական խորհրդարանում այս բանաձևի քվեարկությունն իր համար միևնույնն է և որ Թուրքիան կքննարկի Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հնարավորությունը։
Հավելենք, որ Եվրոպական խորհրդարանի բանաձևերն իրավաբանորեն պարտադիր չեն։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում