Հռիփսիմե Խուրշուդյան. «Մի պահ մտածեցի, թե մահացել եմ»
Միջազգային օլիմպիական կոմիտեն օրերս հրապարակել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հերթական զեկույցը, ըստ որի Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը պետք է վերադարձնի Լոնդոնի 2012 թ. ամառային Օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալը:
Ցավալի է 4 տարի անց հրաժարվել մեծ դժվարությամբ ու երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում վաստակած մեդալից, սակայն Հռիփսիմեն ստիպված է անել դա: Կան օրենքներ, որոնց պետք է հետևել: Այս մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նշեց հայ ծանրորդուհին և տեղեկացրեց, որ իր հետագա քայլերն անմիջականորեն կապված են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումից:
«Դեռ որոշում կայացված չէ և որակազրկման մասին տեղեկություններ չկան: Նման պայմաններում ես կշարունակեմ մարզվել, մինչև տեսնենք, թե ինչ կլինի: Եթե ինձանով մնա, մեդալը չեմ վերադարձնի, բայց գոյություն ունի օրենք, որին պարտավոր ենք ենթարկվել:
Ցավ եմ ապրում, որ մեր հայ լրագրողները միայն վատ լուրերն են արագ տարածում: Մնում է գրեն՝ «Հռիփսիմե Խուրշուդյանը վերջապես որակազրկվեց»: Չի կարելի նման բան անել, չէ՞ որ մարզիկները Ձեր ոգևորման կարիքն ունեն: Այնպիսի վերնագրեր են ընտրվում՝ «շատ շտապ», «վատ լուր», որ ընթերցելով՝ ինքս մի պահ մտածեցի, թե մահացել եմ»,- ասաց Հռիփսիմեն:
Հայ մարզուհին տեղեկացրեց, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումից է կախված իր հետագան: Եթե որակազրկման ժամկետը կարճ լինի, կշարունակի մնալ մեծ սպորտում, իսկ եթե լինի երկարատև, մեծ սպորտից կհեռանա, ծանրամարտից՝ ոչ:
«Ամեն ինչ կանեմ, որ աղջիկների ծանրամարտը Հայաստանում զարգանա: Առավել ևս, որ կան աղջիկներ, ովքեր մեզանից հետո շարունակելու են մեր գործը։ Դա ուրախալի փաստ է։ Մեր Քասախ գյուղում կան երկու աղջիկներ՝ Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը, ովքեր մեդալակիրներ են։ Կան Գյումրիում, Արտաշատում։ Ես տեսնում եմ, որ կան»,- ասաց նա:
Ի դեպ՝ Հռիփսիմե Խուրշուդյանը 2017 թ. մտադիր էր փոխել քաշային կարգը՝ 75 կգ-ից անցում կատարելով 90 կգ, որն իրեն ավելի համապատասխան է: Անկախ ամեն ինչից՝ Եվրոպայի գործող չեմպիոնուհին կմնա ծանրամարտում և նախատեսում է հետագայում դառնալ միջազգային կարգի մրցավար, քանզի կանանց մրցավարությունը ֆեդերացիաների համար կարևոր է: «Սպորտը հանուն արդարության» սկզբունքը վաղուց խախտվել է: Հռիփսիմեի ցանկությունն այս պահին մեկն է, որ հավասարը պայքարի հավասարի դեմ և միայն այդ դեպքում կլինի արդար մրցակցություն ու առողջ պայքար:
Հարակից հրապարակումներ`
- Փաշիկ Ալավերդյան. «Ոչ ոք իրավունք չունի Հռիփսիմեի մեդալը հետ պահանջելու»
- Հռիփսիմե Խուրշուդյանը նույնպես պետք է վերադարձնի բրոնզե մեդալը
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան