«Վիմպելկոմ գրուպ»-ը նախապատրաստում է Հայաստանում ներդրումային մեծածավալ ծրագրեր
«Վիմպելկոմ գրուպ» ընկերությունը Հայաստանում ունի գործունեության երկարաժամկետ տեսլական և նախապատրաստում է ներդրումային մեծածավալ ծրագրեր: Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը տեղեկացրել է «Վիմպելկոմ գրուպ»-ի գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլին:
Նրա խոսքով՝ դրանք ուղղված են լինելու ֆիքսված և շարժական կապի ծառայությունների բարելավմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կարևորելով տեղակատվական և հեռահաղորդակցության ոլորտի շարունակական առաջընթացը մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստում է այս բնագավառի հետագա զարգացման նոր փաթեթ:
Միաժամանակ, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գործադիրը պատրաստ է «Վիմպելկոմ գրուպ»-ի հետ քննարկել տարբեր նախաձեռնություններ և առաջարկություններ՝ ուղղված Հայաստանում ընկերության ծրագրերի ընդլայնմանը:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և կոչ արել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկություններն ու ակնկալիքները կառավարությունից: