Մարկարովի համար տրամաբանական էր, իսկ Իսկանդարյանի համար սպասելի
Տրամաբանական քայլ է: Անդրադառնալով Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացնելուն, որի մասին այսօր Կարեն Կարապետյանը հայտարարել է գործադիրի նիստի ժամանակ, «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Եթե մենք Հայաստանը դիտարկում ենք որպես կիսանախագահականից դեպի խորհրդարանական կառավարման անցումային շրջանում գտնվող հանրապետություն, որտեղ կառավարությունը հանդես է գալիս սկզբունքորեն ոչ թե որպես տեխնոկրատական այլ քաղաքական պատասխանատվություն կրող կառավարություն, հանդես է գալիս քաղաքական օղակ և ձևավորում է քաղաքական մարմին, ապա տրամաբանական է, որպեսզի կառավարության անդամները ունենան քաղաքական ներկայացուցչություն և պատասխանատվություն կրեն ոչ միայն հանրության առջև այլ նաև համապատասխան քաղաքական ուժի ներկայացուցիչ լինելով»,- նշեց քաղաքագետը:
Մարկարովի խոսքով, խորհրդարանական կառավարման հանրապետություններում զուտ տեխնոկրատական կառավարության գոյությունը խորթ երևույթ է, չնայած տեսականորեն չի կարելի բացառել:
«Քաղաքական համակարգի տարրերի միջև փոխկապակցվածության տրամաբանությունը խորհրդարանական հանրապետության շրջանակներում թելադրում է, որ կառավարության անդամները ունենան իրենց համապատասխան քաղաքական պատասխանատվությունը»,- եզրափակեց Մարկարովը:
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ վարչապետի որոշումը սպասելի որակեց մեզ հետ զրույցում. «Այս քայլը, ընդհանուր առմամբ, սպասելի էր: Հայաստանը գնում է դեպի խորհրդարանական կառավարման համակարգ և այս իրավիճակում վարչապետը սովարաբար հանդիսանում է խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացուցիչ: Այս առումով, կարելի էր ենթադրել, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա»
Մեր զրուցակիցը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե տվյալ որոշումը ճի՞շտ է թե ոչ` շեշտելով, որ այս քայլը մասին չի կարող խոսել նման եզրույթներով:
«Սպասելի էր, որ վարչապետը պետք է ներայացնի իշխող կուսակցությունը: Տարօրինակ կլիներ, եթե այդպես չլիներ»,- շեշտեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ես կարծում եմ, որ ընտրություններից հետո շատ բան կփոխվի: Ես արդեն մեկն անգամ ասել եմ, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրներից և ոչ մեկը 5 ամսվա ընթացքում լուծելն անգամ տեսականորեն անհնար է`ուզում է վարչապետը Կարեն Կարապետյա՞ն լինի թե` Կոնֆուցիոսը: Այս պահին սա կարող է իրենից ներկայացնել միայն ապագայում իրականացվելիք քայլերի արձանագրում և ոչ ավել: Ցանկացած խնդրի լուծումը երկարաժամկետ գործընթաց է: Հեղափոխական ճանապարհով ոչինչ անել հնարավոր չէ»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը` ներկայումս ընթացող գործընթացներ որակելով որպես «ռեբրենդինգ» և «կադրերի հավաքագրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան