Ինչ գրքեր է առաջարկում «Արևիկ»-ը երեխաներին
«Արևիկ» հրատարակչությունը, որն արդեն 30 տարի է միայն մանկական գրականություն է հրատարակում, այս տարվա ընթացքում թողարկել է 23 տեսակ գիրք: «Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ բավական լուրջ ցուցանիշ է:
«Մենք հրատարակել ենք հիմնականում հեքիաթներ, նաև ձայնային այբենարան, նկարելու գրքեր, փազլ գրքեր: Փորձում ենք տարեցտարի ավելի բազմատեսակ, գունեղ անել, լսել երեխաներին՝ ինչ է պետք նրանց, փորձում ենք ամենակարևորը՝ ուշադրություն դարձնել տպագիր գրքին: Փորձում ենք երեխաներին տալ այն, ինչը գտնում ենք, որ լավ ասելիք ունի, լավ կլինի, որ այդ բարոյական տեսակետներով մեծանան երեխաները»,- նշեց նա:
Ս. Հովհաննիսյանի խոսքով՝ հիմա Ղազարոս Աղայանի, Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Հովհաննես Թումանյանի հեքիաթները հրատարակում են փոքր ֆորմատով, որպեսզի մատչելի լինի, և ծնողները գոնե ամսվա մեջ երկու անգամ կարողանան գնել:
«Մեծ ֆորմատի գրքերը հիմնականում գնում են նվիրելու համար»,- հավելեց հրատարակչության տնօրենը:
«Արևիկ» հրատարակչությունը փորձում է նոր հեղինակների գործեր ներկայացնել, որոնք, Ս. Հովհաննիսյանի խոսքով, դժվար են մտնում շուկա, շատ հատարակիչներ խուսափում են նման քայլ անել, նաև գրավաճառներն են մտավախություն ունենում:
Շուտով հրատարակչությունը կներակայանցի ամերիկյան բանաստեղծ, արձակագիր Շել Սիլվերսթայնի «Նվիրվող ծառը» ստեղծագործությունը:
«Ողջ աշխարհում բեսթելեր է: Վստահ եմ, որ երեխաները շատ են սիրելու: Թարգմանել ենք հայերեն»,-ընդգծեց նա:
Ս. Հովհաննիսյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում են ընթերցողները, ինչը նկատելի է հենց գրքերի վաճառքից:
«Սերտ կապեր ունենք «Բուկինիստ» գրախանութի հետ: Իրենք իմ առջև մի խնդիր են դնում՝ հրատարակեք գրքեր: Սրանից լավ ցուցանիշ չի կարող լինել: Իրենք սպառման խնդիր չունեն»,- ասաց «Արևիկ» հրատարակչությունը տնօրենը:
Նա նաև նշեց, որ թեև ողջ աշխարհում գերիշխում է էլեկտրոնային գրականությունը, Հայաստանում՝ տպագիր գիրքը, հատկապես մանկական գրականությունը. «Սա ուղղակի փայլուն ցուցանիշ է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան