Բեսլանում վթարի հետևանքով տուժածներից մեկը դեռ հիվանդանոցում է
Հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը՝ Սմբատ Պողոսյանը շարունակում է բուժվել Բեսլանի հիվանդանոցում։ Նրա առողջական վիճակն արդեն բավարար է։ Հաջորդ շաբաթ բժիշկները նախատեսում են նրան դուրս գրել հիվանդանոցից, որից հետո կկազմակերպվի նրա վերադարձը Հայաստան։
Այս մասին հայտնում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլգիաների նախարարությունից, որտեղ այսօր տեղի է ունեցել վթարից տուժածների ընտանիքներին օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Ըստ աղբյուրի, վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին տրամադրվող դրամական օգնության համար ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում դիմումների ընդունումը շարունակվում է: Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում ստացվել է 20 դիմում։
ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբեր 27-ի N 1130 որոշմամբ սահմանվել է, որ ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,5 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող՝ առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազ. դրամ:
Վթարված ավտոբուսի ուղևորները և զոհվածների հարազատները օգնություն ստանալու համար կարող են դիմել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 28 հասցեով: Հետադարձ կապի հեռախոսահամար՝ +374(10)59-00-24 (իրավաբանական վարչություն):
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածների օգնության համար ստեղծվել է հանձնաժողով
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին կհատկացվի 1,5 մլն դրամ
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկը Վլադիկավկազից տեղափոխվել է Հայաստան
- Ոչ ճիշտ կայանումը, որպես Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառ՝ կարելի է բացառել
- Քննարկվում է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկին Հայաստան տեղափոխման հարցը
- Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից վիրավորվածների մոտ արձանագրվել է դրական շարժընթաց
- Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից 8-ը շարունակում են բուժվել Վլադիկավկազի հիվանդանոցներում
- ԱՆ. Բժշկական կենտրոն են դիմել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ևս 3 քաղաքացի