Հուլիսյան դեպքերի ժամանակ տուժող ճանաչված քաղաքացիների գործերով քննությանն ընթացք չեն տալիս. Իրավապաշտպան
Հուլիսյան դեպքերի ժամանակ իրավապահ մարմինների կողմից կիրառվեցին բոլոր հնարավոր միջոցները, որոնք արգելված էին: Այդ ամենը վկայում է այն մասին, որ իրավապահ համակարգում, բարեփոխումների մասին խոսելն անհեթեթություն է : Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների փաստաբան, իրավապաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Այդ օրերին կիրառվեցին անհամաչափ ուժեր, բռնությունների ենթարկվեցին լրագրողներ, ակնհայտորեն ուղղորդված խոչընդոտվեցին լրագրողների աշխատանքը. այս պարագայում խոսել ոստիկանության համակարգում կատարված բարեփոխումների մասին, անհեթեթություն է», -հայտարարեց իրավապաշտպանը:
Ինչ վերաբերում է այդ դեպքերից հետո ոստիկանության համակարգում կատարված պաշտոնանկություններին, առանձին ծառայողների նկատմամբ հայտարարված տույժերին, ապա ըստ փաստաբանի, էական նշանակություն չունի:
«Բացահայտ բռնության փաստերն ունենալով ընդամենը մեկ-երկու պաշտոնյայի, այն էլ՝ ոչ բարձրաստիճան, աշխատանքից հեռացնելը էական բարեփոխում չէ: Ամբողջ իրավապահ համակարգը պետք է պատասխան տար կատարվածի համար, հատկապես բարձր ղեկավար պաշտոնյաները», -հավելեց փաստաբանը:
Նկատենք, որ հենց այդ դեպքերից հետո էր, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հեռացվեց համակարգից:
Փաստաբանը շեշտեց, որ այն գործերով, որոնցով ոստիկանները ներգրավված են որպես տուժող, նախաքննությունն արագ է ընթանում, իսկ այն գործերով, որոնցով քաղաքացիներն են տուժող ճանաչվել, քննությունը դանդաղում է, «սայլը տեղից չի շարժվում»:
«Իմ պաշտպանյալներից մեկը մեղադրվում է 46 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Սակայն այդ նույն պաշտպանյալս ճանաչված է տուժող մեկ այլ գործով: Բայց այս գործով քննության մեջ բացարձակապես որևէ ընթացք չկա: Սա ցույց է տալիս, որ նախաքննությունն ընթացել է մեկ ուղղությամբ», -հավելեց Պապիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան