Կարեն Կարապետյանի 7 պատճառները՝ ՀՀԿ-ին անդամակցելու որոշում կայացնելու համար
«Կարծում եմ՝ այս քայլը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական, սակայն ես ցանկանում եմ մեկնաբանել թե ինչու»,- գործադիրի այսօրվա նիստում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը անդամագրվելու համար դիմում ներկայացնելու մասին հայտարարությունից հետո այս մասին նշեց Կարեն Կարապետյանը և ներկայացրեց ՀՀԿ-ին անդամակցելու հիմնավորումները:
«Առաջինը` վարչապետի պաշտոնում ինձ հրավիրել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրորդ` յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին Հանրապետական կուսակցության կառավարությունը:
Երրորդ` եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչո՞ւ չենք ստեղծում կամ հիմնադրում մեկ այլ կուսակցություն, որը կլիներ ձեր քաղաքական հենարանը: Ուղղակի դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնահարցը և մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ` մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից:
Չորրորդ` ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս՝ ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը և այդտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան»,- ասաց ՀՀ վարչապետը:
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ չափազանց կարևոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո իր առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը. «անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել ևս պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից»:
Վարչապետը նշեց, որ այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված. խոսակցությունները ներսում շատ բաց են և անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից:
«Հինգերորդ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու գործընթացի, վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես Հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել:
Վեցերորդ՝ այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին՝ նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Պարտադի՞ր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները և իմ թիմակիցները անդամակցեն ՀՀԿ-ին. որևէ պարտադրանք չկա»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է:
Որպես յոթերորդ հիմնավորում ՀՀ վարչապետն նշեց, որ ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից ելնելով ոչ միշտ է եղել արդյունավետ: Բայց ըստ Կարապետյանի, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը՝ որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին