Անդրանիկ Կարապետյանը կփոխի քաշային կարգը
Ռիոյի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարին ձեռքը վնասած 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը վիրահատությունից հետո վերականգնվել է, վերսկսել է մարզումները և պատրաստվում է փոխել քաշային կարգը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։
«Անդրանիկ Կարապետյանը վիրահատվել է Մոսկվայում։ Այսօր նա արդեն սկսել է մարզումները: Հույս ունեմ, որ նա կմասնակցի հաջորդ տարի Լոս Անջելեսում կայանալիք աշխարհի առաջնությանը, բայց արդեն 85 կգ քաշային կարգում: Հիմա Անդրանիկին անհրաժեշտ են ավելի հաստ կապաններ ու մկաններ, որպեսզի ձեռքն այլևս չվնասի»,- ասաց Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ «Ռիո-2016»-ի 77 կգ քաշայինների պայքարի պոկում վարժությունից հետո Անդրանիկ Կարապետյանը 174 կգ արդյունքով երկրորդ տեղում էր, սակայն հրում վարժությունում վնասեց ձեռքը և չկարողացավ շարունակել պայքարը: