Ռոստոմյան. «Բացօթյա մարզումներին մասնակցող հայ կանանց և աղջիկների ներգրավվածությունը բեկումնային է»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ամենշաբաթյա մասսայական մարզումներ անցկացնող մարզիչների հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ սպորտի և առողջ ապրելակերպի տարածման գործընթացին անշահախնդրորեն աջակցելու համար:
«Բացօթյա մարզումների վերաբերյալ արձագանքը շատ դրական է: Դրա ամենավառ ապացույցը մարզումների մասնակիցների թվի անընդհատ ավելացումն է: Կարծում եմ՝ մենք այսօր համատեղ ուժերով բեկումնային գործ ենք կատարում՝ արդյունքում հանրային վայրերում մարզումներում ներգրավելով նաև հայ կանանց և աղջիկների»,- Ռոստոմյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Հանդիպման ներկաները քննարկել են նաև ձմեռային պայմաններում մարզումների անընդհատության ապահովման անհրաժեշտությունը: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ձմեռային ամիսներին մարզումներն անցկացնել մարզադահիճում, որոնք կլինեն դարձյալ անվճար հիմունքներով:
«Նախարար Ռոստոմյանի առաջարկությամբ մասսայական սպորտի մարզատեսակներով հնարավոր կլինի մարզումներ անցկացնել «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում:
«Վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո տեղյակ կպահենք նաև բոլոր մասնակիցներին»,- տեղեկացրել է Ռոստոմյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 15-ից բացօթյա ամենշաբաթյա մարզումներ են կազմակերպվում, որոնց մասնակցում են շուրջ 80 մարզվողներ: