Ապրիլյան քառօրյա պատերազմ. զինգրքույկներում կկատարվի մարտական գործողություններին մասնակցության գրառումը
Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից պարտադիր ժամկետային զինծառայողների զինվորական գրքույկներում, եթե չկան մարտական գործողություններին մասնակցությունը փաստող համապատասխան գրառում, ապա նրանց զինգրքույկներում այդ գրառումը կկատարվի: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այն զինծառայողները, որոնք մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին, բայց նրանց զինգրքույկներում գրված չէ, որ մասնակից են մարտական գործողություններին, այլ օրենքի պահանջներին համաձայն գրառում է կատարված անձի կողմից մարտական հերթապահության մեջ ներգրավված լինելու մասին, ապա զորացրված զինծառայողներին խնդրում ենք դիմում ներկայացնել համապատասխան տարածքային զինկոմիսարիատ կամ պաշտպանության նախարարություն, որտեղից գրավոր հարցում կկատարվի նրանց ծառայության վայրի զորամաս և անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում զորացրված զինծառայողների զինգրքույկներում կկատարվեն համապատասխան գրառումները»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել էր, որ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի 50 տոկոս և ավելի զեղչից՝ անկախ առաջադիմությունից: Իսկ ապրիլյան պատերազմի մասնակից են համարվելու բոլոր այն ուսանողները, որոնց զինվորական գրքույկում կա պատերազմին մասնակցելու մասին համապատասխան գրառում:
Նյութի հրապարակումից հետո ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած և զորացրված ուսանողներից շատերը բարձրաձայնեցին մի շարք հարցեր: Հարցադրումների մեծ մասը վերաբերում էր նրան, որ զինգրքույքներում չկան մարտական գործողություններին մասնակցությունը փաստող համապատասխան նշումներ: Իսկ դա նշանակում է, որ իրենք չեն կարող օգտվել զեղչից:
Panorama.am-ը հարցում էր ուղարկել նաև ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղի հայտնել էին, որ մարտական գործողություններին մասնակցած լինելու վերաբերյալ զինվորական գրքույկում գրառումներ կատարելու կարգ սահմանված չէ և աշխատանքներ են տարվում համապատասխան կարգի մշակման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Մարտական գործողություններին մասնակցած լինելու վերաբերյալ զինգրքույկում գրառումներ կատարելու կարգը դեռևս սահմանված չէ. ՊՆ
- Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի 50 տոկոս և ավելի զեղչից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին