Թուրքիայից ներմուծած լոլիկը ավելի էժան է. ջերմոցային տնտեսության ֆերմերների բողոքը
«Խայտառակ վիճակ է, Թուրքիայից լոլիկը ներմուծվել է հայկական շուկա, իսկ տեղի ֆերմերները չեն կարողանում իրենց արտադրանքը վաճառել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Ջերմատնային ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանը:
Նա ընդգծեց, որ Թուրքիայից ապօրինի ներմուծվող բանջարեղենի պատճառով հայ ֆերմերները մեծ վնասներ են կրում. «Ներմուծման համար սահմանին տուրքի գին կա նախատեսված` 507 դրամ, բայց երեկ գնացել ենք շուկա, տեսնում ենք թուրքական պոմիդորը վաճառվում է մեկ կգ-ը 500 դրամով, այդ ոնց է ստացվում այդպես, Թուրքիայում այդ լոլիկն իրենց նվե՞ր են տվել ու ձրի էլ հասել է Հայաստա՞ն: Այստեղ դուրս է գալիս մի բան. ոչ մի տուրք էլ սահմանին չեն մուծել, որ այդ գնով են վաճառում: Եթե տուրք վճարեն, անհամեմատ թանկ կլինի շուկայում այդ լոլիկի վաճառքի գինը: Թուրքականը վաճառվում է տեղականից ցածր գնով, տեղական պոմիդորի սպառման գինն այս պահի դրությամբ 600-ից պակաս չպիտի վաճառվի, եթե դրանից պակաս է, արդեն ֆերմերները վնասով կաշխատեն»:
Լրագրողները Պողոս Գևորգյանից հետաքրքրվեցին, թե որ ընկերություններն են ներկրում, նա պատասխանեց. «Ով պատահում է, բերում է: Շուլավերի հայեր են, գնում են Թուրքիայի սահմանին կանգնում, նրանց մեծ բեռնատար մեքենաներից գնում, հետո իրենց ավելի փոքր բեռնատարներով բերում Հայաստան՝ մեկ տոննա, երկու տոննա, մեքենայի մեջ՝ տակը պոմիդոր, վարունգ են լցնում, վրան՝ մանդարին: Երևի մանդարինը մաքսազերծում են ու բերում»:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամ Գագիկ Բաբախանյանը, ոը երկար տարիներ ջերմոցային տնտեսության ֆերմեր է նշեց, որ անձամբ իր վրա է զգում ամբողջ դժվարությունն ու անարդարությունը:
«Ստացվում է ջերմոցային տնտեսության հայ ֆերմերը բավականին թանկ գազ օգտագործելով, բարձր ինքնարժեքով, տանջանքով չարչարանքով, վարկային ծանր պարտավորությունների տակ արտադրում է լոլիկ կամ վարունգ, սպասում է, որ գալու է այդ օրը, տանի շուկա, ինչ-որ մի երկու կոպեկ գումար վաստակի, դրանով փակի վարկերը, կատարած ծախսը, տակն էլ հարց է՝ իրեն բան կմնա՞, թե՞ չէ, ու հանկարծ ստացվում է Թուրքիայից բերում են լցնում են շուկան ու սկսվում է անհավասար պայմանները»,-ասաց նա:
Ֆերմերը նկատեց, որ այստեղ նաև ռազմավարական նշանակության հարց կա. «Թուրքական լոլիկն ի՞նչ պայմաններում է արտադրված: Թող տանեն իմ ու ինձ նման ֆերմերների արտադրած լոլիկը և Թուրքիայից ներկրածը համեմատեն: Նայում ես թուրքականը՝ տեսքը սիրուն, գեղեցիկ, այդ ո՞նց են անում, որ այդքան ճանապարհ է անցնում ու այդ գեղեցիկ տեսքը մի ամիս պահպանում է, ուրեմն ինչ որ միջամտություններ է կատարվում, թող տանեն լաբորատորիա ուսումնասիրեն, դա տարիներ հետո իր ազդեցությունն է թողնելու մեր ազգի վրա»:
«Ջերմատնային ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ իրենց կատարած մոնիթորինգով մոտ 950 փոքր և միջին ջերմատներ կան. «Փոքր և միջին ջերմատների միակ իրացման տեղը մեր ներքին շուկան է, նրանք արտահանել չեն կարող, քանի որ այդ քանակությունը չունեն, ներքին շուկայում էլ այսպես գալիս խանգարում են: Պետք է շատ ֆերմերնեը հետամուտ լինեն այս ամենին և դիմեն համապատասխան մարիններին: Ես դիմել եմ նոր գյուղնախարարին այս հարցի հետ կապված, նա միջամտեց և բավականին կրճատվեցին այդ ներմուծումները: Սակայն, եթե նախկինում այդ ներկած լոլիկը տանում էին Մալաթիայի շուկա, հիմա էլ տանում են Հովտաշատի շուկա»:
Պողոս Գևորգյանը հավելեց նաև որ, բացի բանջարեղենից, ապրիլ ամսին Թուրքիայից հայկական շուկա են ներմուծվում մեխակներ. «Սա ուղղակի ամոթալի է»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան