Գազի սակագնի նվացեզումը հետագայում սպառողի վրա չի ծանրանա. «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն
«Բնական գազի սակագնի նվազման արդյունքում քաղաքացիները 13 միլիարդ 400 միլիոն դրամով քիչ կվճարեն ներկայիս գործող սակագնի համեմատությամբ: Այսինքն, մեր ընկերությունն այդքան հասույթ կստանար, եթե սակագինը չփոխեինք»,- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո, որտեղ քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտը ՀՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման վերաբերյալ և ընդունվեց, լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ նախկինում չէին իջեցնում սակագինը, եթե նման հնարավորություն կար, նա նշեց, որ մշտապես իրենք աշխատում են այդ ուղղությամբ, ուղղակի այս պահը համընկել է նրան, որ հնարավորություն ունեն տարանցման գնի նվազման հետ կապված որոշակի ֆինանսական միջոցներ ակնկալել, որն էլ հենց կուղղվեն Հայաստան ներկրվող գազի գնի իջեցմանը:
Հ. Թադևոսյանն ասաց, որ 2017 թվականի հունվարի 1-ից ավարտվում է ՀՀ բնական գազի մատակարար «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի ու «Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» միջև կնքված գազի տարանցման պայմանագրի ժամկետը, որտեղ ֆիքսված է՝ Վրաստանը ստանում է ռուսական գազի Հայաստան մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար։
«Փորձում ենք բանակցությունների միջոցով հասնել նրան, որ ավելի քիչ վճարենք: Թվային արտահայտությամբ չեմ կարող ասել, քանի որ դեռ չեն ավարտվել բանակցությունները, բայց ակնկալում ենք, որ կլինեն նշանակալի միջոցներ»,- հավելեց ընկերության գլխավոր տնօրենը:
Նրա կարծիքով, գազի սակագնի նվազման հետևանքով սպառողները կավելացնեն իրենց գազասպառումը, ինչը նույնպես կբերի որոշակի միջոցներ: Բացի այս, Հ.Թադևոսյանի խոսքով, իրականացվելու է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագիր, օրինակ, նախատեսվում էր գազի ստորգետնյա նոր պահեստարան-կայանի կառուցում, սակայն հետաձգում են աշխատանքները, կշահագործեն հինը, նոր ներդրումներ չեն իրականացնի:
«Հնարավորություն է ստեղծվել այս պահին առանց վտանգելու, փոխելու մեր շահագործման ծախսերը, իրականացնելով հուսալի և անխափան գազամատակարարում, կատարել այս գործարքը: Եթե այս երեքի արդյունքում 13 միլիարդ 400 միլիոն դրամի մեր չստացված հասույթը չփակվի, այն կփակի «Գազպրոմ» մայր ընկերությունը, որը հաշվի է առնում մեր երկրում զարգացման միտումները, ինչու չէ նաև կատարում է նոր մեխանիզմ, միջոց՝ տեսնելու թե ինչ արդյունք կստանա»,- նշեց նա:
Այսինքն, Հ. Թադևոսյանի խոսքով, ռիսկային ամբողջ դաշտը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վերցնում է իր վրա. «Ոչ մեկի մոտ մտավախություն չպետք է լինի, թե այս նվազեցումը, գումարների չհավաքագրումը հետագայում ծանրաբեռնվածություն է լինելու սպառողի վրա»:
Խոսելով սակագնի կրկին նվազման հնարավորության մասին, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենն ասաց. «Մենք երբևէ գերշահույթ չենք ստացել, չենք ակնկալում: Եթե սպառումն այնքան ավելանա, որը ստեղծի լրացուցիչ միջոցներ, մենք նորից հայտով կդիմենք»:
Հարակից հրապարակումներ`
- Սպառողներին վաճառվող բնական գազի միջին սակագինը կնվազի 19,4 դոլարով
- Սահմանվեցին գազի նոր սակագներ
- «Գազպրոմ Արմենիան» սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով կդիմի ՀԾԿՀ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան