Ռուբեն Մելքոնյան. Եվրախորհրդարանի որոշումից հետո Թուրքիայում բռնապետական հակումներն ավելի մեծ թափ են ստանալու
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակացությունների սառեցման վերաբերյալ բանաձևը պայմանավորված է այն օբյեկտիվ իրողություններով, որ վերջին տարիներին հետևողականորեն ձևավորվում էին Թուրքիայում: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Եվրոպական չափանիշներից հետընթաց, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներ, անձի պաշտամունքի ինստիտուտի ձևավորում Էրդողանի կերպարի շուրջ. այս ամենը բնականաբար պետք է հանգեցներ համապատասխան որոշումների ու արձագանքների, քանի որ այդ կառույցները պատասխանատու են եվրոպական, դեմոկրատական արժեքների համար»,-ասաց թուրքագետը:
Նրա խոսքով, չի կարող մի պետություն, որը շարունակաբար ոտնահարում է այդ արժեքները, շարունակի ընկալվել որպես եվրոպական ընտանիքին անդամակցելու արժանի թեկնածու:
Ռուբեն Մելքոնյանը Եվրախորհրդարանի բանաձևը համարում է նաև պատասխան թուրքական կողմի՝ ԵՄ անդամակցության գործընթացը դադարեցնելու վերաբերյալ հաճախակի դարձած սպառնալիքներին:
Բանաձևն անհետևանք չի մնալու: Ըստ թուրքագետի, նման որոշումից հետո այդ երկրում հակաժողովրդավարական միտումներն ու բռնապետական հակումներն ավելի մեծ թափ են ստանալու:
«Թուրքական իշխանությունների համար այս բանաձևը միգուցե ավելի է հեշտացնում որոշ օրենքների ընդունումը, մասնավորապես մահապատժի վերականգնումը, որն այն ամենակարևր կարմիր գիծն է, որը բաժանում է Թուրքիային Եվրոպայից»,-նշեց զրուցակիցը:
Նա համարում է, որ մահապատժի վերականգնման մասին Էրդողանի հայտարարություններն ու հանրային քննարկումներն էլ ավելի ցայտուն են դարձնում Թուրքիայի ու եվրոպական ընտանիքի խորքային տարբերություններն ու հակասությունները:
Անդրադառնալով Եվրախորհրդարանի բանաձևի վերաբերյալ թուրքական մամուլի արձագֆանքներին, Ռ. Մելքոնյանը հիշեցրեց, որ այդ երկրում մամուլը գտնվում է տոտալ վերահսկողության ներքո, խախտվում են ազատ խոսքի իրավունքը ուստի արձագանքն էլ հանահունչ էր Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությանը:
«Իսկ էլեկտրոնային լրատվամիջոցների այն փոքր հատվածը, որոնք այս կամ այն կերպ կարողանում են ազատ խոսքի փոքր չափաբաժինը պահպանել, խնդիրը համարում են թուրքական պետական կողմնորոշման կարևոր շրջափուլ, քանի որ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցությունը տասնամյակաների պատմություն ունի, իսկ արևմտականացումը դարերի պատմություն ունի: Այնպես որ սա կտրուկ շրջադարձ է»,-հարևան երկրի ԶԼՄ-ների հրապարակումներն ընդհանուր առմամբ ներկայացրեց թուրքագետը:
Ռ. Մելքոնյանն ընդգծեց, որ պրոցեսները դեռ շարունակվում են, «դրանք թևակոխել են քաղաքական առևտրի մի շրջան, երբ երկու կենտրոններն էլ՝ Թուրքիան ու Եվրոպան, համաձայն քաղաքական առևտրի կանոնների, որոշակի քայլեր անում են ու կշարունակեն անել»:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև՝ սառեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները
- Էրդողանը ԵՄ-ին սպառնացել է «Brexit»-ի նման հանրաքվեով
- Ավստրիան առաջարկում է դադարեցնել ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները
- Լոնդոնը կողմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը
- Եվրոպացիների մեծ մասը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան