Հայ աշակերտների գործերը ներկայացված են Մյունխենում պրոֆեսիոնալ նկարիչների միջազգային խմբակային ցուցահանդեսում
Գերմանիայի Մյունխեն քաղաքում՝ Կունստֆոռում Առաբելլապարկում, նոյեմբերի 18-ին բացվել է պրոֆեսիոնալ նկարիչների միջազգային խմբակային ցուցահանդես, որի կազմակերպիչն է արվեստագետների միջազգային ArtNations կազմակերպություն: Կազմակերպության անդամ է նկարչուհի Մարի Ադամյանը:
«Պարբերաբար մասնակցում եմ այս կազմակերպության միջոցառումներին: Առաջարկ ստացա ցուցահանդեսում ներկայացնելու համար ուղարկել աշակերտներիս աշխատանքները: Մյունխեն ենք ուղարկել «Այբ» ավագ դպրոցի 20 աշակերտի գործեր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մարի Ադամյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ «Դիմանկար» խորագրով ցուցահանդեսին մասնակցում են պրոֆեսիոնալ նկարիչներ տարբեր երկրներից, ովքեր կազմակերպության անդամները են և երկու դպրոց՝ Իտալիայից և Հայաստանից, որոնց ուսուցիչները նույնպես կազմակերպության անդամ են։
Ցուցահանդեսը գործելու է մինչև հունվարի 13-ը:
Ցուցահանդեսի կազմակերպիչները Մարի Ադամյանին ուղղված նամակում նախ նշել են, որ այցելուներից միայն դրական արձագանքներ են լսել աշակերտների աշխատանքների վերաբերյալ, ապա հավելել, որ որոշ աշխատանքներ պրոֆեսիոնալ մոտեցմամբ են կատարված և չեն զիջում մասնակից պրոֆեսիոնալ նկարիչներին: Մասնակից աշակերտները կստանան մասնակցության վկայականներ: