Բնակարանամուտ՝ Արարատի մարզում
Ավելի քան քսանամյա սպասումից հետո, Արարատի մարզում բնակարանամուտ է նշել 2 ընտանիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը գործում է Հայաստանի տասը մարզում: Համագործակցող կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը դարձյալ մարզային շրջայց են կատարել: Այս անգամ նրանք բնակարանամուտ են նշել Դվին համայքում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ Ասատրյանների ընտանիքում երեքն են՝ մայրն ու երկու որդին: Վաղ հասակում հորը կորցրած և տարիների զգալի մասը խոնավ ու մութ նկուղում անցկացրած Ասատրյանների փոքր որդին՝ Բագրատը, այսօր էլ չի հավատում, որ բարեկարգ ու լուսավոր տունը, ուր հյուրընկալվել են տան շինարարությանն աջակցած կողմերը, իրենցն է:
«Չգիտեմ անգամ՝ ինչպես նկարագրեմ զգացմունքներս: Մեծ եղբայրս՝ Սենիկը, որը հիմա արտագնա աշխատանքի է, զանգում է ամեն օր ու ստիպում է նկարագրել մեր նորակառույց տունը: Չի համբերում, թե երբ պիտի վերադառնա ու իր աչքերով տեսնի մեր երազանքների տունը: Տարիների սպասումից հետո՝ ինքս էլ չեմ հավատում մեր երջանկությանը»,- ասել է Բագրատը:
«Ժամանակակից աշխարհում մարդիկ չպետք է ստիպված լինեն սպասել քսան տարի բնակարան ունենալու համար: Տանիքով ապահովված լինելը չպետք է լինի երազանք. դա կյանքի տարրական պայման է: Երբ կա ապահովության զգացում՝ կլինի նաև զարգանալու, երկրին օգտակար լինելու ցանկություն: Ուրախ եմ, որ հաջողված համագործակցության շնորհիվ` հերթական ընտանիքն իր բնակարանամուտն է տոնում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Թիմերի այցելության մյուս վայրը Ավետիսյանների օջախն էր: Այս ընտանիքը ևս քսան տարուց ավելի բնակվել է կիսակառույցի մոտ տեղադրված մետաղական տնակում՝ «դոմիկում»՝ զուրկ կենցաղի տարրական պայմաններից, օրինակ՝ խոհանոցից ու լոգարանից:
«Մեծ որդիս ամուսնացավ ու ստիպված էր վարձով ապրել, քանի որ քնելու տեղ չունեինք: Հիմա փոքր որդուս ամուսնանալու ժամանակն է ու երջանիկ եմ, որ վերջապես մարդավարի կապրենք: Երախտապարտ եմ ընտանիքիս օջախ պարգևելու համար»,-ասել է Ավետիսյանների ընտանիքի հայրը՝ Ալեքսանը:
«Թվում է՝ գոնե Արարատյան դաշտավայրում պետք է որ չլինեն այսպիսի պայմաններում ապրող ընտանիքներ, սակայն, աշխատող ու քարից հաց քամող ընտանիքի համար էլ հաճախ դժվար է լինում կառուցել ու ավարտին հասցնել տարիների շինարարությունը: Ծրագրում ընդգրկված երկու ընտանիքներն էլ ծանր ու դժվար ճանապարհ են անցել և յուրաքանչյուրն իր դրամատիկ պատմությունն ունի: Այսօր, վերջապես, երջանկանալու օր է նրանց համար: Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք կիսելու նրանց երջանկությունը»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
2016թ.-ի բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն դրամի ներդրում է կատարել: Նախատեսված 41-ի փոխարեն այս տարի լուծվել է 42 ընտանիքի բնակարանի խնդիրը: Հինգ տարվա համագործակցության արդյունքում Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն է ստացել 135 ընտանիք: