«Սառույցի թագավորները» կզարգացնեն գեղասահքը Հայաստանում
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է «Սառույցի թագավորները» սառցե շոուի կազմակերպիչների հետ և քննարկել մեր երկրում գեղասահքի զարգացման հեռանկարները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Հանրահայտ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի գործակալ Արարատ Զաքարյանը ներկայացրել է իր նկատառումները՝ Հայաստանում գեղասահքի մասսայականացման ուղղությամբ տարվող աշխատանքների, ծրագրերի և նախագծերի վերաբերյալ:
«Այն շքեղ շոուն, որ ներկայացնելու ենք նոյեմբերի 27-ին Երևանում, ևս մեկ ազդակ կդառնա ամենագեղեցիկ մարզաձևերից մեկի՝ գեղասահքի մասսայականացման համար»,- ասել է նա:
Նախարար Ռոստոմյանը հյուրերին է ներկայացրել այն աշխատանքային ծրագրերը և միջոցառումները, որոնք իրականացվելու են նախարարության կողմից՝ ի նպաստ Հայաստանում գեղասահքի զարգացման:
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Երևանում արդեն իսկ գործում է Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց, որտեղ մարզվում են բազմաթիվ երեխաներ: Ոչինչ մեկ օրում չի լինում, այդ իսկ պատճառով պետք է աշխատել՝ աշխատել համախմբված, միասնական և նվիրումով»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գեղասահքի վաստակաշատ մարզիչների կողմից մեր երկրում մարզական սեմինարների անցկացման հնարավոր ուղիները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում