Ժնևում ՄԱԿ-ի Կանանց խորհրդի ամենամյա տոնավաճառին ներկայացված է եղել նաև Հայաստանը
Ժնևում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց խորհրդի (UNWG) կողմից կազմակերպված ամենամյա բարեգործական տոնավաճառին։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հայկական տաղավարը ներկայացված էր հայկական արտադրության ապրանքատեսակներով, մասնավորապես, հայկական կոնյակի տեսականիով, գինեգործության, արհեստագործության լավագույն նմուշներով, երկրի պատմությունն ու մշակույթը ներկայացնող տարբեր հուշանվերներով:
Հայկական տաղավար են այցելել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի Գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերը, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Կյոնգլիմ Չոյը, Ժնևում հավատարմագրված բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ինչպես նաև տոնավաճառի բազմաթիվ այցելուներ:
Հայկական ապրանքատեսակների վաճառքից ստացված գումարը փոխանցվել է ՄԱԿ-ի Կանանց խորհրդի հիմնադրամ` կարիքավոր երեխաների համար իրականացվող բարեգործական ծրագրերի ֆինանսավորման նպատակով:
Տեղեկանք․ յուրաքանչյուր տարի ՄԱԿ Կանանց խորհուրդը, համագործակցելով Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում հավատարմագրված մշտական ներկայացուցչությունների, Ժնևի իշխանությունների և գործարար շրջանակների հետ, կազմակերպում է միջազգային տոնավաճառ և վիճակահանություն, որոնցից ստացված գումարն ուղղվում է ողջ աշխարհում կարիքավոր երեխաների համար բարեգործական ծրագրերի ֆինանսավորմանը։ Տոնավաճառն ունենում է ավելի քան 6000 այցելուներ, իսկ ընդհանուր հասույթը կազմում է մոտ 300 000 շվեյցարական ֆրանկ։