Կարեն Կարապետյան. Հայաստանը կարող է չինական բիզնեսի համար կարևոր հարթակ դառնալ
Անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել Հայաստանի ու Չինաստանի միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առկա մեծ ներուժի իրացման ուղղությամբ: Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունիի հետ հանդիպմանը նշել է Հվարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու ակտիվացումը:
Կարեն Կարապետյանն ընդգծել է մեր երկրի ենթակառուցվածքային մի շարք ծրագրերում չինական բիզնեսին ներգրավելու հնարավորությունը և ավելացրել, որ կառավարությունը պատրաստ է մանրամասն քննարկման առարկա դարձնել բոլոր առաջարկները: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարող է չինական բիզնեսի համար կարևոր հարթակ դառնալ՝ նաև երրորդ երկրներ մուտք գործելու տեսանկյունից:
Թիան Էրլունը նշել է, որ իր առաքելությունն է նպաստել հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և ավելացրել, որ հատկապես կարևորում է տնտեսական փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով: Դեսպանն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի ուղերձը կփոխանցի իր երկրի կառավարությանը: